Լրահոս

24.03.2016 12:06


ՀՀ-ում ԳԴՀ դեսպանն անդրադարձել է Եվրոպայի միգրացիոն խնդիրներին

ՀՀ-ում ԳԴՀ դեսպանն անդրադարձել է Եվրոպայի միգրացիոն խնդիրներին

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Եվրոպայում միգրացիայի խնդիրների մասին: Եվրոպական երկրներից փախստականներին հիմնական ընդունողը Գերմանիան է: Սրա մասին են խոսում դեսպանի ներկայացրած թվերը.

–Անցած տարի մենք Գերմանիայում 442 հազար ապաստանի հայց ենք ունեցել, և դրանց մեծամասնությունը տրվել է Սիրիայից ժամանած փախստականներին՝ շուրջ 160 հազար մարդու: Սակայն Գերմանիա ժամանածների ընդհանուր թվաքանակն ավելի մեծ է: Այն կազմում է 1.1 միլիոն մարդ, որոնցից Սիրիայից ժամանածները՝ մոտ 440 հազար: Խոսքն այն անձանց մասին է, որոնց ապաստանի հայտերի մեծ մասը դեռ չի քննարկվել:

Դիվանագետի խոսքով՝ Բալկանյան երկրների կողմից փախստականների առաջ սահմանների փակումը զգալիորեն նվազեցրել է նաև նրանց հոսքը դեպի Գերմանիա: Նա ընդգծել է, որ այս հարցում կարևոր է Թուրքիայի ներգրավվածությունը: Բայց սա հնարավոր դարձավ միայն Թուրքիայի հետ վերջերս ստորագրված համաձայնագրի շնորհիվ:

Դեսպանը մեջբերելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերը՝ նշել է, որ այս հարցի լուծման համար պետք է համաեվրոպական աշխատանք: Այս թեման ոչ միայն զուտ գերմանական է, այլ համաեվրոպական:

-Ի վերջո, գլխավոր խնդիրն այն է, որ Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմն ավարտվի, և մարդիկ կարողանան խաղաղ պայմաններում բնակվել իրենց երկրում,– եզրափակել է դեսպանը:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը