Մեկնաբանություն

25.03.2016 21:05


Ծանր արարողության «հոգևոր» բաղադրիչները

Ծանր արարողության «հոգևոր» բաղադրիչները

Երկու րոպե տեւողությամբ տեսանյութը շա՜տ բան է ասում իշխող ուժի արժեհամակարգի մասին: Ավելի ճիշտ՝ նրա առաջնորդի արժեհամակարգի մասին:

Եռաբլուրում թե պանթեոնում ՀՀԿ վերնախավի անդամների դրսեւորած վարքագիծն ապշեցուցիչ է: Ամեն անգամ հիշատակի արարողությունների ժամանակ չեմ դադարում զարմանալ, երբ հետեւում եմ այդ՝ մի քանի րոպեանոց եւ անգամ՝ վայրկյաններ տեւողությամբ կադրերին:

Ձգված, լարված, օսլայած օձիքներով ու փողկապներով, շունչները պահած չինովնիկի քսերոքս եմ տեսնում ամեն անգամ, որոնք պարզվում է՝ Սերժ Սարգսյանի մատուցած հարգանքի տուրքից հետո երեքական «բլոկով» են բաց թողնվում հուշարձանի մոտ:

Անշուշտ, կա որոշակի արարողակարգ, բայց այսպիսի անդեմ, հլու ենթակայություն, երբ պետք է շնչել ու արտաշնչել առաջնորդի հետ միասին ու էլեկտրականացած նյարդերով հետեւել ու զգուշանալ, որ հանկարծ սխալ բան չանեն, չեմ տեսել ոչ մի երկրում անցկացվող արարողակարգի ժամանակ:

Այդ միայն Սերժ Սարգսյանը կարող էր իր կուսակցության վերնախավի անդամների միջից հանել մարդուն եւ նրանց սարքել «փայտե ձի»:

Առաջներում նմանատիպ արարողակարգերի ժամանակ ՀՀԿ վերնախավի վարքագիծը շատ ադեկվատ ու բնական էր: Իսկ հիմա պարզվում է՝ Սերժ Սարգսյանի կարծիքով կուսակցականը մարդ չէ եւ չի կարող «ավելորդ» շարժումներ անել իր ներկայությամբ:

Անգամ սովետի պոլիտբյուրոյի պահվածքում նման բան չեմ տեսել: Եվ այդ ուժը ու նրա առաջնորդը սահմանադրական «բարեփոխումները» հիմնավորում էին նաեւ այն հանգամանքով, որ այդպիսով կկարողանան ապահովել կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարությունը:

Ի՞նչ ժողովրդավարություն, պարոնա՛յք, երբ ՀՀԿ ղեկավարի գլխին հանկարծ հայտնված ճանճից դուք կարող եք ընկնավորել, քանզի դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է մտածել ձեր առաջնորդը (իսկ գուցե կասկածի ձեզանից յուրաքանչյուրի՞ն, որը դավադրության ծրագիր է մտահղացել ու ճանճը բաց է թողել իր գլխի ուղղությամբ): Ամո՛թ է, պարոնա՛յք: Այդպիսի հաճկատարողական ռեժիմի պայմաններում, որը սահմանել է ձեր ղեկավարը, երկար չեք դիմանա (իսկ գուցե առաջնորդի ուզածն էլ հենց դա՞ է):

Բայց ամենաաբսուրդն այն է, որ Սերժ Սարգսյանը հիշատակի արարողության վայրից հեռանում է միայնակ, ու նրա հետեւից վազում է հայ հոգեւորական դասը (անկախ նրանից, թե ինչպիսին է կամ ով է տվյալ պահին ներկայացնում այդ դասը): Սա խայտառակություն է: Հայոց եկեղեցու հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում: Ի վերջո, աղոթքի, խնկարկման ու հիշատակի արարողակարգի գլխավոր կատարողները հայ հոգեւորականներն են, որոնց հետ հարկ է գոնե մի քանի րոպե նույն հարթության վրա մնալ, նրանց հետ հեռանալ Եռաբլուրից կամ պանթեոնից: Ոչ թե նրանց արհամարհել ու շտապ քայլերով հասնել «պադավատին»՝ բուրվառներով ու սգո խորհրդանիշներով ծանրաբեռնված հոգեւորական դասին թողնելով «մայթին»: Արժեհամակարգ եմ ասել, է՛…

Ուրեմն, պետք չէ զարմանալ ՀՀԿ ղեկավարի մտադրության ու ցանկության վրա, որն ուզում է քաղդպրոց հիմնել: «Բազեների շկոլան» իրեն սպառել է. պետք է վերադառնալ ԽՄԿԿ-ի ավանդույթներին: Մի բան, որը մի՛շտ էլ սրբորեն պահպանել ու այդ ավանդույթներով է առաջնորդվել ՀՀԿ ղեկավարը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը