Լրահոս

01.04.2016 11:47


Ագրարայինները դարձան քառակի չեմպիոն

Ագրարայինները դարձան քառակի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց ՀՀ միջբուհական 17-րդ առաջնությունը, որին մասնակցում էին առաջատար բուհերի թիմերը: Տղամարդկանց առաջնությունում արդեն չորրորդ անգամ բացարձակ հաղթողի պատվաբեր կոչումը նվաճեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմը` առաջին կարգայիններ Արտավազդ Հայրապետյան (մագիստրատուրա 2-րդ կուրս), Հայկ Վարդանյան (մագիստրատուրա 2-րդ կուրս), Արամ Պլուզյան (ԱԷԿ-2), Գագիկ Մարտիրոսյան (ՍԳ-2) կազմով:

Թիմի մարզիչն է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀԱԱՀ-ում գործող Հայաստանի շախմատի պատմության թանգարանի հիմնադիր-տնօրեն Ռաֆայել Չատինյանը:

Մրցակցությունը իրապես խիստ էր ու լարված, եւ մինչեւ վերջին տուրը հաղթողի դափնին նվաճելու լուրջ ու հիմնավորված հույսեր ունեին ե´ւ ագրարայինցիները, ե´ւ սլավոնական համալսարանի թիմը: ՀԱԱՀ երիտասարդները վերջին տուրում հանդես եկան շատ համախմբված, իրենց բնորոշ բարձր մարտունակությամբ ու երկրորդ հորիզոնականը նվաճած տնտեսագիտական համալսարանի թիմին գերազանցեցին երկու միավորով:

Հաղթանակը համոզիչ էր, նաեւ` օրինաչափ: 2004 թվականից սկսած` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շախմատի թիմը ՀՀ միջբուհական մրցումներում հիմնական «եղանակ ստեղծողներից» է: 2008, 2010, 2012 թվականներին համանման մրցույթներում նույնպես հաղթող է ճանաչվել: «Վահանյանի գավաթ» միջազգային մրցաշարում ՀԱԱՀ հավաքականը կիսել է 1-3 տեղերը:

Թիմը միջբուհական մրցաշարերում երեք անգամ նվաճել է նաեւ արծաթե, երկու անգամ` բրոնզե մեդալներ: Գոհացնող են նաեւ ուսանողների անհատական մրցապայքարի արդյունքերը. 2010-ին Վարդգես Թովմասյանը գրավել է առաջին տեղն ու արժանացել ոսկե մեդալի: 2014-ին նույն հաջողությունը կրկնել է նաեւ Արտավազդ Հայրապետյանը: Նա 2013, 2014 թվականներին նվաճել է Երեւանի չեմպիոնի կոչումը: Թիմի տղաների արդյունքերը գոհացնող էին նաեւ անհատական առաջնությունում, որտեղ 48 մասնակցի շարքում Հայկ Վարդանյանը երրորդն էր, Արտավազդ Հայրապետյանը` չորրորդը:

Ակնհայտ է, որ ՀԱԱՀ-ում սիրում են իմաստուն խաղը, և հրաշալի միջավայր է ստեղծված զարգացման ու տարածման համար: Իսկ թիմի մարզիչն անհամբերությամբ է սպասում այն ժամանակներին, երբ ուսանող կդառնան դպրոցական վաղ հասակից խաղի նբություններն ուսումնասիրած երիտասարդները, ու որակական միանգամայն նոր իրավիճակ կստեղծվի, մրցակցային տեսակետից ավելի բարդ ու անհամեմատ ավելի հետաքրքիր:

Այս խորագրի վերջին նյութերը