Մեկնաբանություն

01.04.2016 16:50


Սովետի այլախոհ Մարգարյանի անվան կուսդպրոցում կդասավանդեն Սարգսյանի հաճախորդները

Սովետի այլախոհ Մարգարյանի անվան կուսդպրոցում կդասավանդեն Սարգսյանի հաճախորդները

Մեր սերունդը լավ է հիշում Լենինի պրոսպեկտում գտնվող Շահումյանի անվան դպրոցում գործող «պարտ-շկոլան», որտեղ երեկոյան ժամերին խմբերով ելումուտ էին անում Կոմկուսի ահել ու ջահել անդամները: Հետո էլ «պարտ-շկոլայի» վկայականը թափահարելով մեր քթի առաջ՝ կուսակցական բազալտե սանդուղքներով բարձրանում էին վեր ու վեր՝ ավելի ու ավելի հմտանալով կաշառակերության «մեթոդիկայի» կիրառման մեջ:

Մեր սերունդը անկախությունից հետո իմացավ, որ Անդրանիկ Մարգարյանը սովետի ժամանակ այլախոհ է եղել, այդ ժամանակ ԱՄԿ է եղել եւ այլն:

Ընդհատակում մարդիկ պայքարել են անկախության համար, Լենինի արձանն են ուզել պայթեցնել, Ռոսիա կինոթատրոնի աթոռներն են պատառոտել (որտեղ հիմա հայտնի «ընդդիմադիր» գործարարի մոլն է, որի բացմանը ներկա էր այսօրվա ՀՀԿ ղեկավարը, իսկ տերը՝ Խ.Սուքիասյանն էլ քրտնաթոր ու կարմրատակած ցանկանում էր ավելի ու ավելի շատ հաճոյանալ Սերժ Սարգսյանին):

Չերկարացնեմ. լուսահոգի ՀՀԿ նախկին նախագահ Մարգարյանը ընդհատակում պայքարել է կոմունիստական դիկտատուրայի դեմ: Ու հիմա աբսուրդն այն է, որ ՀՀԿ-ն նույն՝ Կոմկուսի ոճով «պարտ-շկոլա» է հիմնում եւ այն էլ՝ Անդրանիկ Մարգարյանի անվամբ (իսկ գուցե Սերժ Սարգսյանի համար Մարգարյանն ամենեւին էլ այլախոհ չի՞ եղել, մանավանդ, որ 2013-ի նախագահական ընտրություններում նրա «հակառակորդը» հանդիսացող Պարույր Հայրիկյանն արդեն 25 տարի գոռում է, թե Մարգարյանը ԿԳԲ-ի ագենտ է եղել և ՀՀԿ ղեկավարի կողմից ու ընդհանրապես՝ ՀՀԿ-ի կողմից ոչ ոք անգամ չի փորձել կես բերան առարկել Հայրիկյանին. վերջինս այլ նպատակներով օգտագործվելու համար է, ու պետք չէ հակադարձել նրան):

Մեր սերունդը ավելի ուշ՝ 2008-ից հետո տեսավ, թե իրենց «ընդդիմադիր» հորջորջած գործիչներն ինչպես են ծախվում Սերժ Սարգսյանին:

«Պարտ-շկոլա» հիմնելու՝ ՀՀԿ-ի որոշման մասին լսելուց հետո շատերը շտապեցին հեգնել ՀՀԿ-ականներին եւ հատկապես մականունավոր հանրապետականներին՝ վերջիններիս վերապահելով դասախոսություն կարդալու դերը: Պետք էր, սակայն, մի քիչ համբերել ու հասկանալ, թե ՀՀԿ-ի «պարտ-շկոլա»-ում Սերժ Սարգսյանն ում է տեսնում դասախոսի դերում:

Հայկական շոու-բիզի ծագող աստղ եւ «Եռանկյուն»-ում քառակուսի ու ճապաղ բանավեճերի անզուգական վարպետ Արմեն Աշոտյանը բացահայտել է իր առաջնորդի ցանկությունը:

ՀՀԿ փոխնախագահը իրենց կուսդպրոցում դասավանդելու է հրավիրում վերջին տարիներին մեկ քառորդ դրույքով «Ժառանգության» անդամ հանդիսացող ու շա՜տ «թունդ ընդդիմադիր» Ստյոպա Սաֆարյանին: Ի դեպ, վերջինս արտաքինով Լենինի կլոնն է, բայց զավեշտն այն է, որ Ստյոպան Աշոտյանի առաջարկը ընդունելու համար ակադեմիական ազատության պայման է դնում: Իբր ինքն էդ կալիբրի դասախոս է, էլի: Շա՜տ զվարճալի է: Ախր, դու՝ ո՜ւր, ակադեմիական կրթությունն՝ ուր: Կենդանի դասական ակադեմիկոս Ստյոպիկ (արդեն քրքջում եք, չէ՞):

Այսինքն՝ ՀՀԿ ղեկավարն իր սովորական կամ պատվավոր հաճախորդներին է տեսնում սեփական կուսդպրոցում դասախոս աշխատելու դերում: Այն է՝ «թույն լիբերալներն» ու «թույն արեւմտամետները» պետք է աշխատեն իր կուսդպրոցում՝ քարոզելով «թույն պահպանողական ու նժդեհական» կուսակցության գաղափարները:

Ստյոպայից հետո, հավանաբար, դասախոսելու առաջարկ կարվի Նիկոլ Փաշինյանին ու Ալիկ Արզումանյանին, Արամ Զավենի Սարգսյանին ու Էդմոն Մարուքյանին, Խաչատուր Սուքիասյանին ու մնացածներին՝ Բաղրամյան 26-ում ֆոտոսեսիայի ենթարկվածներին (ՀՀԿ ղեկավարը հո չի՞ շարունակելու հենց այնպես սրանց տրվող զրոների թիվն ավելացնել կամ պակասեցնել. պետք է հրապարակավ տքնեն իր նախաձեռնողականությունն ու սնամեջ գաղափարները քարոզելու համար):

Դե, իսկ քյարթու հաճախորդներ Գեղամյանն ու Խոսրովը անձամբ կղեկավարեն ՀՀԿ կուսդպրոցի «Սերժ Սարգսյանին նվիրված» ամբինոնը (Սասուն Միքայելյանն էլ «պարտ-շկոլա»-յի տնտեսական մասի վարիչի պաշտոնը կստանա):

Այնպես, որ՝ ՀՀԿ-ի շարքերում դասախոսների մի փնտրեք: Նրանց փնտրեք ժամանակին Սերժ Սարգսյանին «դժոխքի ճիրաններում այրող» քաղաքական խեղկատակների ու ՀՀԿ ղեկավարին «բոլուկով» ծախված «արմատականների» շրջանում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը