Լրահոս

04.04.2016 21:50


Հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները

Հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված «ТОС 1» տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն: Հակառակը՝ ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումները ոչ միայն հաջողությամբ իրենց դրսևորեցին դիրքային մարտերում, այլև գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրին թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի տեխնիկա և տասնյակների հասնող կենդանի ուժ:

Գուցե հենց մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի՝ նրանք հանդես են գալիս Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի և մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին և նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը