Լրահոս

15.04.2016 15:15


Սպառնացել են դանակով վնասել մորն ու 5–ամսական երեխային

Սպառնացել են դանակով վնասել մորն ու 5–ամսական երեխային

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:

2016 թվականի ապրիլի 13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, ձեռնարկվել են անհետաձգելի դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ, տեխնիկական ուժի գործադրմամբ կոտրելով Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող տներից մեկի մուտքի դռան փականը՝ ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ապօրինի մուտք են գործել նշված տուն և մանկահասակ՝ 5 ամսական երեխայի և նրա մոր նկատմամբ դանակով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար և ոսկյա զարդեր:

Տանն առկա կանխիկ գումարն ու ոսկյա զարդերը հափշտակելուց հետո դիմակավորված անձինք երեխայի մորը տեղափոխել են տանը հարակից ավտոտնակ և փակել այնտեղ, ինչից հետո հեռացել են։

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մշակվել է քննչական պլան և կատարվում են անհրադեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը