Լրահոս

19.04.2016 13:20


Հովսեփ Կիրակոսյան. «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»

Հովսեփ Կիրակոսյան. «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»

-Մարիա՛մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես...

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կապիտան Հովսեփ Կիրակոսյանի՝ կնոջն ուղղված վերջին պատգամն էր: Ինքը՝ Հովսեփը, շտապում էր. հակառակորդի ձեռնարկած լայնածավալ մարտական գործողությունների ժամանակ կապիտանն իր զինվորներին մենակ թողնել չէր կարող: Գրում է «mediamax.am»-ը։

«Գիշերվա ժամը 3-ն էր: Արթնացա պատուհանի թակոցից: Հովսեփին հանեցի քնից, նա դուրս եկավ ու, վայրկյաններ անց, հետ վերադարձավ տուն: Անհանգիստ էր: Միայն մի բան ասեց՝ «Երեխեքի շորերը հագցրու, իջեք նկուղ»: Չհասցրեց անգամ ինձ օգնել, որ երեխեքի շորերը հագցնեմ: Ինքն արագ հագնվեց ու դուրս եկավ տանից: Չեմ հիշում, թե ինչ վիճակում մեծ տղայիս շորերը հագցրեցի, փոքրին էլ, վերմակով ծածկած, գրկեցի ու վազեցինք նկուղ:

Կարճ ժամանակ անց Հովսեփը վերադարձավ, արագ հագավ դաշտային համազգեստը, մեզ հաջողություն մաղթեց ու գնաց... այդ ընթացքում միայն հասցրեց ասել, որ երեխեքի հետ փախնեմ տանից: Ասացի՝ «Հովսեփ, օգնի, չեմ կարողանում կողմնորոշվել, չգիտեմ՝ էս անորոշության մեջից ո՞նց դուրս գամ», ասեց՝ «Չէ, Մա՛ր, կներես. չեմ կարող: 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»: Ես լաց էի լինում, չգիտեի՝ ի՞նչ ու ո՞նց անել, ո՞ւր փախչել: Ասեց՝ «Մարիա'մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես» ու գնաց...»,- պատմում է Հովսեփի կինը:

Մարիամին՝ երկու տղաների հետ միասին, Մատաղիսի տանից հաջողվեց փախչել: Հովսեփի ընկերոջ կինը, ով նրանց հարեւանուհին էր, առաջարկեց նստել մեքենան ու հեռանալ գյուղից՝ իրենց հետ վերցնելով Մատաղիսում բնակվող եւս երկու զինվորականի կանանց ու երեխաների:

«Ընդամենը չորս օրվա վարորդ էր այդ կինը: Որոշեցինք՝ փախնում ենք: Կարեւոր չէր՝ մեքենան ձորը կգլորվեր, ինչ-որ տեղ կհասնեինք, թե՝ ոչ. այդ պահին կարեւորն ամեն գնով այնտեղից փախնելն էր: Հիմա միայն կրակոցների ձայնն եմ հիշում: Սարսափելի էր: Մեքենայի վրա կրակում էին: Մեզ հետ մի հղի կին կար, նրա ու վախեցած երեխաների մասին էինք մտածում: Ճանապարհին մի մեքենայի հանդիպեցինք, որի վարորդը կրակոցից վիրավորվել էր: Այդ մեքենայում գտնվող երկու կանանց ու երեխաներին էլ վերցրեցինք մեզ հետ: Երբ հասանք Մարտակերտ, Հովսեփը զանգեց, ասացի, որ այնտեղից մեքենան պետք է փոխենք ու գնանք Ստեփանակերտ՝ մեր աղջիկներից մեկի սկեսրոջ տուն: Ստեփանակերտ հասնելուց հետո զանգեցի Հովսեփին՝ ցերեկը 12:27 էր: Միայն մի բան ասեց՝ «Մարիա՛մ, կգամ ձեր հետեւից». դրանից հետո էլ Հովսեփի հետ չկարողացա խոսել. անհասանելի է...»:

Հետո Մարիամի համար մի նոր ու անհասկանալի իրավիճակ պետք է ստեղծվեր՝ ինչո՞ւ է ամուսնու հեռախոսն անջատած, իսկ ընկերները, որոնք մինչ այդ նրա կողքին էին, ասեին, թե հեռու են նրանից, ու հեռախոսը չեն կարող փոխանցել կապիտանին: Հովսեփն այդ ընթացքում հասցրել էր զանգել նաեւ Արմավիրում գտնվող եղբորը՝ ասելով, որ «շուտ հասնի Արցախ՝ կնոջն ու երեխաներին փրկելու»:

Ծառայակից ընկերները պատմում են՝ 25 զինվորին թողնելով խրամատում՝ կապիտան Կիրակոսյանը դուրս է եկել բաց դաշտ՝ հակառակորդի հետ կռվի, որի ժամանակ էլ վիրավորվել է: Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ արնահոսող Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:

Մարտի ընթացքում Կիրակոսյանի 25 զինվորից երկուսը վիրավորվել են, որոնց վիճակն այս պահին կայուն է գնահատվում:

Հիմա ընկերը Մարիամին ու Հովսեփի ծնողներին շարունակ մի բան է ասում՝ «Կներեք, որ չկարողացանք փրկել նրա կյանքը: Մինչեւ վերջ ասաց, թե ինքը լավ է, մենք պետք է շարունակենք կռիվը»:

«Չորս օրվա պատերազմն արցախյան առաջին պատերազմից ավելի դաժան թվաց: Ամեն օրն ասես մի տարի լիներ: Չեմ պատկերացնում, թե ինչ բարձր պատասխանատվության զգացում պետք է ունենա սպան զինվորի ծնողի առջեւ, որ իր կնոջն ու երեխաներին օգնել չհասցնի՝ մտածելով, թե զինվորի ծնողների աչքերին պետք է նայել կարողանա: Իմ աչքերը թաց մնացին, բայց հպարտ եմ տղայիս արածով»,-ասում է հերոսի մայրն ու հիշում, թե ինչպես են ամուսնու հետ, տարիներ շարունակ, փորձել Հովսեփին հետ պահել զինվորական դառնալու մտադրությունից:

Կապիտանի երեխաները սպասում են հոր վերադարձին: Երկու տարեկան Էրիկն ամեն օր՝ քնելուց առաջ, ասում է, թե «Երբ շատ մութ լինի, Հոսոն տուն է գալու», առավոտյան էլ ինքն իր վրա զայրանում՝ «ինչո՞ւ ուշ արթնացավ ու Հոսոյին էլի չտեսավ»:

Հովսեփի կինը վստահ է՝ եթե երեխաների մոտ մարդ լիներ, այդ պահին, առանց վարանելու, կգնար ամուսնու հետեւից:

«Հովսեփը սպասում էր այդ օրվան: Միշտ ասում էր՝ «Մար, ուշ թե շուտ, մի օր սկսելու է»: Բայց այդպես չէինք պատկերացնում: Այս անգամ ես էլ էի կարծում, թե թուրքը հերթական խաղն է խաղում»:

Կարգապահ, անվախ, բանիմաց, հպարտ, շատ ուշադիր ու հոգատար սպա. այսպիսին է կապիտան Կիրակոսյանը ծառայակից ընկերների աչքերում: Ասում են՝ ամեն գիշեր՝ քնելուց առաջ, գնում էր զորամաս՝ տեսնելու՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է:

«Չէր սիրում, երբ իրեն խաբում էին, ամեն ինչ պետք է իր աչքով տեսներ, որ հավատար: Արգելում էր, որ զինվորը տանից ինչ-որ բան ուզի: Ամանորին կամ ծնունդ ունենալու դեպքում, հաճախ, ինքն էր ինչ-որ բան գնում ու խնդրում պատրաստեմ, որ տանի վաշտի տղաներին հյուրասիրելու: Վերջին անգամ էլ, տղաներից մեկի ծննդյան առթիվ ձուկ պատրաստեցինք»,-պատմում է կինն ու հավելում,- «Զինվորների առջեւ մի պայման էր դրել՝ ցանկացած առիթ նշելուց ալկոհոլը պետք է հյութով փոխարինեն»:

Նյութն ամբողջությամբ՝ «mediamax.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը