Լրահոս

19.04.2016 13:44


Ա. Գրիգորյան. «Նախկին ընտրություններում գրանցված խախտումները եղել են նաև այս ընտրություններում»

Ա. Գրիգորյան. «Նախկին ընտրություններում գրանցված խախտումները եղել են նաև այս ընտրություններում»

Հայաստանի 33 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, ըստ ԿԸՀ տվյալների՝ 29-ում վերընտրվել են գործող համայնքապետերը, որոնցից 26-ը ՀՀԿ անդամներ են:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը, ով այս ընթացքում համակարգել է ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելությունը, ասել է, որ նախկին ընտրություններում գրանցված խախտումները եղել են նաև այս ընտրություններում.

-Ինչպես Սահմանադրական հանրաքվեի ժամանակ, այնպես էլ այս անգամ կրկին խոչընդոտներ են ստեղծվել դիտորդների համար ցուցակները ստուգելու առումով, ընտրատեղամասերում եղել են կուտակումներ: Խնդիրները, որոնք առկա էին նախկինում, շարունակում են մնալ, չեն լուծվել այն խնդիրները, որոնց մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք,- «Vesti.am»–ի փոխանցմամբ՝ ասել է Գրիգորյանը՝ ընդգծելով, որ պետք է ավելացվեն վերահսկողության գործիքները, և պետք է ընտրատեղամասից էլ դուրս վերահսկողություն սահմանել:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, ով եղել է որպես դիտորդ, ասել է, որ իրենք Հրազդանում շրջիկ խմբերով հետևել են ընտրությունների ընթացքին և ականատես են եղել անգամ քրեորեն պատժելի արարքների.

-Եղան դեպքեր, երբ դիտորդներին, ԶԼՄ ներկայացուցիչներին արգելվում էր ծանոթանալ ընտրողների ստորագրած ցուցակներին: Եղան բազմաթիվ դեպքեր, երբ երեկոյան 20:00-ից հետո ոստիկանությունը հանձնաժողովների նախագահների հետ միասին փորձում էր խոչընդոտել լրագրողների մուտքը ընտրատեղամաս,-ասել է նա՝ ընդգծելով, որ սովորաբար ընտրակաշառքների հետ կապված՝ իրենք ունենում են անանուն զանգեր, իսկ այս դեպքում եղել են կոնկրետ մարդիկ, ովքեր հստակ պատմել են, թե ինչքան ընտրակաշառք են իրենց տվել, ինչի համար և այս դեպքում ընտրակաշառք բաժանելու փաստն ապացուցված է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանն էլ նշել է, որ իրենց խնդիրն է եղել թույլ չտալ ընտրատեղամասերում այնպիսի ապօրինություններ, որոնք հնարավոր կդարձնեին կորցնել իրենց թեկնածուին տված ձայները, ինչը, ըստ նրա՝ իրենց հաջողվել է.

-Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտնել, որ Սասուն Միքայելյանին տրված ոչ մի քվե չի կորել: Ընտրատեղամասերում չեն եղել այնպիսի խախտումներ, որոնց արդյունքում մենք կորցրել ենք մեր թեկնածուին տրված քվեները,-ասել է նա՝ հավելելով, որ իրենց մրցակից Արամ Դանիելյանն անազնիվ է գործել և բաժանել է ընտրակաշառք 10.000-50.000 դրամի սահմաններում, ինչը նշանակություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը