Լրահոս

19.04.2016 14:43


Տնտեսագետ. «Մեծ շեշտադրում պետք է անենք ռազմական արդյունաբերությանը»

Տնտեսագետ. «Մեծ շեշտադրում պետք է անենք ռազմական արդյունաբերությանը»

Ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմը բացասական ազդակներ է փոխանցել Հայաստանի տնտեսությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ այս պատերազմը հիմնականում տնտեսության զարգացման անուղղակի խոչընդոտներ է առաջացրել: Անկայուն վիճակը կարող է պակասեցնել ՀՀ ներդրումային գրավչությունը, ինչպես նաև որոշ չափով հնարավոր է՝ նվազի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան:

Խաչատրյանի խոսքով՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ՝ կասկածի տակ է դրվում ՀՀ համար կանխատեսված 2.2 % տնտեսական աճը:

-Պատերազմը լուրջ մտածելու տեղիք տվեց: Առաջին հերթին, որ մեծ շեշտադրում կատարենք մեր արդյունաբերության զարգացմանը, հատկապես ռազմական արդյունաբերությանը,-նշել է նա:

Շատ է խոսվում բանակը ժամանակակից տեխնիկայով զինելու մասին, և տնտեսագետն էլ փաստեց, որ ՏՏ ոլորտը բավական ինտենսիվ զարգանում է Հայաստանում: «Vesti.am»-ի հարցին, թե ինչո՞ւ Կառավարությունը չի օգտվում մեր պոտենցիալից, տնտեսագետը դժվարացել է պատասխանել:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տնտեսությանը, Խաչատրյանը հայտնել է, որ այն այժմ բավական ծանր վիճակում է՝ կապված նավթի համաշխարհային գների անկման հետ.

-Ադրբեջանի ՀՆԱ-ի 40% ապահովում է հանքահումքային ոլորտը, ու այդտեղ խիստ մեծ տեսակարար կշիռ ունի նավթը: Արտահանման տեսանկյունից վիճակը է՛լ ավելի ծանր է, որովհետև Ադրբեջանը 95%-ով արտահանում է հումք, և դրա մեջ էլի շատ մեծ է նավթի տեսակարար կշիռը:

Ըստ տնտեսագետի՝ միգուցե հենց տնտեսական վատ վիճակից ելնելով է Ադրբեջանն ագրեսիա նախաձեռնել ԼՂՀ սահմանին:

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը չէր կարող մարսել երկարատև պատերազմը:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը