Լրահոս

21.04.2016 10:05


Վիրավոր զինվոր․ «Որ մենք չպահեինք, ո՞վ կպահեր» (լուսանկարներ)

Վիրավոր զինվոր․ «Որ մենք չպահեինք, ո՞վ կպահեր» (լուսանկարներ)

Քառօրյա պատերազմի վիրավորներն են, 18-20 տարեկան տղաներ, որոնց մեծ մասը զորակոչվել է անմիջապես դպրոցն ավարտելուց հետո։ Գրում է «hetq.am»–ը։

Հիվանդասենյակի մահճակալների մեծ մասի մոտ հենակներ են պատին դեմ տված։ Վնասվածքաբանական բաժանմունքում հիմնականում արկերի բեկորներից տուժածներն են։ Անկախ վնասվածքի լրջությունից՝ լայն ժպիտն ու հումորն անպակաս է նրանցից։ Երբ փորձում ես բան հարցնել, մեկը մյուսին առաջ տալով, ասում է՝ թող Անդոն պատմի, Անդոն էլ թե՝ թող Մարտինը պատմի։

-Մարտին, ճի՞շտ է, որ անօդաչու ես խոցել,- հարցնում եմ։

-Հա, ուղղակի հակառակը,- ժպտալով պատասխանում է մահից հազիվ փրկված Մարտինը։

Հրազդանից 19-ամյա Անդրանիկ Խաչատրյանը սենյակի ամենաժպտերեսն է։ Մի քիչ խոսալուց հետո ասում է՝ հերիք չէ՞։ Ապրիլի 1-ի գիշերը լավ է հիշում. հյուսիսային ուղղության դիրքերում հերթապահ դիտորդ էր։

«Մեր դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը սկսվեց միանգամից ու անսպասելի։ Արկի բեկորներից մեկը ուսս վնասեց։ Բանի տեղ չդրեցի, բայց երկու օր հետո տեսա, որ էլ իվիճակի չեմ ձեռքս աշխատեցնել»,- պատում է Անդրանիկը։

-Լավ, բա ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմ չտեսած ձեր սերունդը էսպես կռվեց։

-Հայրենիքը պահելու ցանկությունը մեծ էր, չէինք ուզում ոչ մեկին տալ,- ասաց նա ու զարմացած ավելացրեց,- որ մենք չպահեինք, ո՞վ կպահեր։ Դրա համար սաղս էլ կռիվ ենք արել։

Անդրանկիը դեռ 8 ամիս ունի ծառայելու։

Գյումրիից հրետանավոր Տարոն Վահրադյանը նիհար, միջին հասակի, փայլող աչքերով տղա է։ Ի տարբերություն Անդրանիկի՝ ապրիլի 1-ի գիշերը զորմասում էր։

«Երբ տագնապ տվին, ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ պատերազմի ենք գնում։ Մտածեցինք՝ հերթական ուսումնական տագնապ է»,- հիշում է նա։

Տարոնը պատմում է, որ ամենից շատ իրենք ոգևորվում էին այն փաստից, որ ամեն խփելուց հետո ասում էին, որ խոցել են նշանակետը։

«Մտածեցինք, որ մի բան կարողանում ենք անել, ավելի ոգևորվեցինք։ Երբեք մտքովս չէր անցի, որ 2015 թ․ զորակոչիկս պատերազմի եմ մասնակցելու։ Էդպես էլ կար, առաջին երկու օրը ոչ մի կերպ չէինք հավատում, որ լուրջ պատերազմ է, մինչև առաջին արկեր սկսեցին պայթել մեզանից մի քանի մետր հեռավորության վրա»,- անթաքույց զարմանքով պատմում է նա։

Տարոնը վիրավորվել է հրադադարից մեկ ժամ առաջ։ Անհամբեր սպասում է, թե երբ ոտքը կլավանա, որ մեկնի մարտական ընկերների մոտ։ Նա դեռ 15 ամիս ունի ծայառելու։

«Լավանամ, էթամ շարունակեմ ծառայությունս, աշենք, եթե կռիվ եղավ, էլի էթանք կռվի»,- ասում է Տարոնը։

Աղբյուրը՝ «hetq.am»

Այս խորագրի վերջին նյութերը