Լրահոս

21.04.2016 13:25


Նազիկ Ավդալյանի ամուսինը կնոջ մրցումների ընթացքում պատերազմի առաջնագծում էր

Նազիկ Ավդալյանի ամուսինը կնոջ մրցումների ընթացքում պատերազմի առաջնագծում էր

Հաղթանակը Ղարաբաղում կռվող բոլոր տղաներին նվիրելը պահի տակ եղած պոռթկում էր, մենք ուղղակի ապրում էինք դրանով: Այս մասին, «Vesti.am»–ի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են Եվրոպայի նորընծա չեմպիոնուհիներ Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ Նորվեգիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի 2016թ. առաջնությունում կանանց 69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց գերծանր քաշային կարգում էր գրավել առաջին տեղը: Մարզուհիներն իրենց հաղթանակները նվիրել էին Ղարաբաղում կռվող բոլոր տղաներին։

6 տարի առաջ ծանր վնասվածք ստացած Նազիկ Ավդալյանը սպորտ վերադարձավ հաղթանակով: Լրագրողները հետաքրքվեցին՝ արդյոք դժվա՞ր էր, և ի՞նչը ստիպեց երկար դադարից հետո վերադառնալ մեծ սպորտ:

-Բնականաբար, շատ դժվար էր, կարելի է ասել՝ կրկնակի ու եռակի անգամ: Ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես էր դժվար, քանի որ նման վնասվածքներից հետո դու մտածում ես՝ արդյոք կկարողանա՞ս կրկնել նույն արդյունքները, ինչը մի ժամանակ գրանցել ես: Ես գիտեի, որ դժվար է լինելու, բայց որ այս աստիճան, չէի պատկերացնում,-պատասխանել է ծանրորդուհին:

Համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Նազիկ Ավդալյանի ամուսինը կնոջ մրցումների ընթացքում գտնվել է արցախյան քառօրյա պատերազմի առաջնագծում, սա հաստատել է նաև Ավդալյանը.

-Ես այդ մասին իմացել եմ միայն մրցումներից հետո: Գիտեի, որ մեկնել է, բայց ասում էր, որ առաջնագծում չէ: Չգիտեի՝ կկարողանայի՞ մարզումներս շարունակել այդ մտքերի հետ: Շատ դժվար էր ինձ համար, բայց մյուս տեսանկյունից էլ որ նայում ես, դա իր պարտքն է,-ասել է Նազիկ Ավդալյանը:

Հռիփսիմե Խուրշուդյանն էլ իր խոսքում նշել է, որ արդեն պատրաստվում են 2016 թ. Բրազիլիայում կայանալիք Օլիմպիադային.

-Շատ կցանկանանք նման հաջողություններով վերադառնալ Հայաստան: Ոչ մի բան չենք խոստանում, միայն կասենք՝ այս կիլոգրամները, որ բարձրացրել ենք Եվրոպայի առաջնությանը, բավականին փոքր արդյունք են, որպեսզի պայքարենք մեդալների համար: Պետք է աշխատենք ավելացնել կիլոգրամները:

Մարզուհին մրցումներից առաջ ցանկանում էր իր քաշն ավելի բարձրացնել, բայց դա նրան չհաջողվեց: Խուրշուդյանը պատմում է, թե ինչպես է երկու ժամը մեկ արթնացել հաց ուտելու համար, բայց ցանկալի արդյունքի չէր հասել: Հարցին՝ ձեր ամուսինը դեմ չէ՞ քաշի ավելացմանը, Խուրշուդյանը պատասխանել է.

-Ամուսինս միանշանակ դեմ չէ, որ քաշս ավելանա: Եթե արդյունք են պահանջում, հայ ազգն արդյունք է ուզում տեսնել, ամուսինս հաստատ ինձ հետ է,-նշել է Հռիփսիմե Խուրշուդյանը:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը