Մեկնաբանություն

07.05.2016 11:25


Երբ պետությունն անլրջանում է

Երբ պետությունն անլրջանում է

ԼՂՀ անկախության ճանաչման հետ կապված պատմությունն անլրջացրեց մեզ ամբողջ աշխարհով մեկ:

Դժվար է պատկերացնել մի պետություն, որի կառավարության ընդունած որոշումը հետո սկսում են մեկնաբանել ցածր կարգավիճակ ունեցող պաշտոնյաները՝ նշելով, որ գործադիր մարմնի «այո»-ն այնքան էլ «այո» չէ: Ահա այսպես է աշխատում Բ26-ը:

Արդյունքում ստացվեց, որ ԼՂՀ անկախության հարցը Հայաստանի իշխանության համար ընդամենը մանիպուլյացիաների, շանտաժի և առևտրի առարկա է: Նաև՝ նեղացածությունը ցույց տալու միջոց:

Հարց կարող է առաջանալ, թե ինչու է այսպես ստացվում:

Սերժ Սարգսյանի քայլերն անընդունելի են, բայց ստեղծված իրավիճակում՝ հասկանալի:

Նա փորձում է դուրս գալ տխրառչակ կազանյան գործընթացից (Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակից), բայց չի կարողանում, որովհետև չորսօրյա պատերազմի արդյունքում ստատուս քվոն փոխվել է ի վնաս մեզ: Նա բանակցելուց առաջ երեք նախապայման է առաջ քաշում ու ԼՂՀ-ն ճանաչելու շանտաժ անում, բայց տակը բան չկա, դատարկություն է (չի կարելի ասել մի բան, որի տակից հետո դուրս չես գալու և ստիպված ես լինելու, պատկերավոր ասած, լիզել թքածդ):

Սարգսյանը նաև փորձում է «ներազգային միասնություն» բեմադրել, բայց հանրությունը նրա հետ չէ: Հանրությունը բանակի ու մեր պետության շուրջ է պատրաստ համախմբվել, բայց ոչ պետությունն ու բանակը թուլացրած սուբյեկտի:

Ի դեպ, Սարգսյանը մի քանի նախապայման էլ դրել էր չորսօրյա պատերազմի օրերին և ասել, թե երբ կգնա հրադադարի, սակայն ստիպված արեց հակառակը:

Չորսօրյա պատերազմը բոլորի համար բացահայտեց հայաստանյան իշխող նեղ թիմի մտածելակերպը. սրանց թվացել էր, թե մեր երկրի անվտանգության ապահովման հարցերը կարելի է թողնել դրսի ուժերի վրա, իսկ ներսում զբաղվել թալանով: Բայց երբ տեսան, որ նման բան չի կարող լինել և ամեն ինչի համար պետք է վճարել, խառնվեցին իրար:

Իշխանության սխալների համար վճարում է ժողովուրդը և վճարեց իր երիտասարդ որդիներով:

Հիմա Սարգսյանը փոխարենը զուսպ և կշռադատված քայլեր անի, սխալը սխալի հետևից է թույլ տալիս՝ անլրջացնելով ամեն ինչ: Նրա միակ ճիշտ քայլը պետք է լինի երկրի ներսում: Դա էլ մեզանից է կախված:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը