Լրահոս

11.05.2016 16:12


ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը ավստրիական «Die Presse» օրաթերթին

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը ավստրիական «Die Presse» օրաթերթին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը ավստրիական «Die Presse» օրաթերթին

Հարց. Պատրա՞ստ եք Ադրբեջանի հետ բանակցություններին:

Շավարշ Քոչարյան. Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է ամրապնդել զինադադարի ռեժիմը: Երբ շարունակում են կրակոցները, հնարավոր չէ բանակցել:

Հարց. Տեսականորեն գործում է զինադադարը: Ինչու՞ այն չի պահպանվում:

Շավարշ Քոչարյան. Զինադադարը հաստատված է 1994թ. կնքված զինրադադարի մասին եռակողմ (Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ադրբեջան) պայմանագրով: Չնայած պարբերաբար խախտումներին՝ այն առ այսօր գործում է: Ապրիլի 2-ին Ադրբեջանը խախտեց այդ պայմանագիրը՝ ծավալելով ռազմական գործողություններ: Ապրիլի 5-ին՝ համաձայն բանավոր պայմանավորվածության, վերականգնվեց 1994թ. պայմանագրի գործողությունը: Ադրբեջանը փորձում է տապալել Մինսկի գործընթացը: Այժմ կարևոր է, որ զինադադարի ռեժիմն ամրապնդվի: Մեզ մոտ զինվորները ապրիլի 5-ից հետո էլ են զոհվել:

Հարց. Մյուս կողմում էլ նույնն է, հայտնում են Բաքվից:

Շավարշ Քոչարյան. Չեմ կարող դա բացառել, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակը ստիպված է պատասխանել կրակոցներին:

Հարց. Ինչու՞ դա տեղի ունեցավ հենց այս ժամանակ:

Շավարշ Քոչարյան. Սա Բաքվին ուղղվելիք հարց է: Տարբեր պատճառներ կարող են լինել: Բաքվի քաղաքականությունն է՝ այս հակամարտությունը բռնի ճանապարհով լուծել: Ակնհայտորեն, խաբկանք ունեին՝ բլիցկրիգ իրականացնելու: Դա չհաջողվեց: Երկրում մեծ դժգոհություն կա՝ կապված կոռումպացված ռեժիմի հետ: Պատերազմի միջոցով կարելի է ուշադրությունը շեղել:

Հարց. Միգուցե, սա փորձնական քայլ էր: Կարո՞ղ են Հայաստանն ու Ղարաբաղն իրենց քաղաքացիներին ընդհանրապես պաշտպանել:

Շավարշ Քոչարյան. Պատերազմը վտանգ է բոլորիս համար՝ թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների: Իրենք ցույց տվեցին, որ իրենք այդ պայմանավորվածություններին չեն հետևում: Երբ խոսքը գնում է զինտեխնիկային, պետք է նշել, որ, այո՛, Բաքուն սպառազինվելու չեմպիոն է դարձել: Բայց դա չօգնեց իրեն ծրագրված բլիցկրիգն իրականացնելու հարցում:

Հարց. Ի՞նչ ելք կա այս չափազանց վտանգավոր իրավիճակից:

Շավարշ Քոչարյան. Միջազգային միջնորդները պետք է Բաքվի հարձակումները հստակ դատապարտեն, այլևս չի կարելի աչք փակել: Բաքուն ամբողջ ընթացքում պահանջում է վերադարձնել «գրավյալ» տարածքները, սակայն լռում է այն մասին, որ նաև կան Լեռնային Ղարաբաղի շրջաններ, որոնք գտնվում են ադրբեջանական հսկողության տակ: Մադրիդյան սկզբունքներում խոսվում է Ղարաբաղի ինքնորոշման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ այստեղ փոխզիջման հնարավորություն կա:

Հարց. Դուք պատրա՞ստ եք դրան:

Շավարշ Քոչարյան. Միակողմանի փոխզիջում չի լինելու: Անհրաժեշտ է գիտակցել, որ կան հարցեր, որոնք Հայաստանի իրավասության մեջ չեն գտնվում: Երևանը չի կարող ասել՝ մենք պատրաստ ենք հանձնել տարածքներ, այն դեպքում, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Երևանը չի կարող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշում կայացնել: Դա իրենք` ԼՂ-ն, պետք է որոշեն: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը, որպեսզի պահպանվի բանակցային գործընթացը:

Հարց. Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի կողմից ճանաչման շուրջ:

Շավարշ Քոչարյան. Ինչպես հայտարարել է Նախագահ Սերժ Սարգսյանը, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա ծավալի, դա կհանգեցնի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը:

Հարց. Ռուսաստանը սկսել է միջնորդական նոր նախաձեռնություն: Արդյո՞ք Մոսկվան իրոք ձեր դաշնակիցն է:

Շավարշ Քոչարյան. Ռուսաստանը միջնորդ է հակամարտություան մեջ, նա պետք է հավասարակշռվածությունը պահպանի: Պայմանագրերի համաձայն՝ Մոսկվան Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի: Սակայն Ռուսաստանը նաև շատ սերտ տնտեսական կապեր ունի Բաքվի հետ: Նա մեր դաշնակիցն է, սակայն նաև իր սեփական շահերն ունի՝ Ադրբեջանի հետ կապված: Հարավային Կովկասում՝ իր շահերի գոտում, նա միշտ հակված է լինելու բալանսը պահելուն:

Հարց. Հայկական հասարակությունում սուր քննադատություն է հնչում Ռուսաստանի դերի առնչությամբ: Հիմնական խնդիրը՝ երկու կողմերին էլ զենքի վաճառքն է:

Շավարշ Քոչարյան. Հայկական կողմը շարունակաբար բարձրաձայնում է այդ հարցը, այդ թվում՝ մեր Նախագահի մակարդակով: Մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, և մենք ունենք բոլոր հիմքերը՝ դժգոհ լինելու: Ռուսաստանն ասում է, որ եթե ինքը այն չվաճառի, դա կանի մեկ ուրիշը: Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, կարող են հասնել դրան ՄԱԿ ԱԽ-ում: Դա ճիշտ կլիներ:

Հարց. Բայց դա նաև Ձեզ կվերաբերեր:

Շավարշ Քոչարյան. Բնականաբար: Դա միայն կախված է եռանախագահների հեղինակությունից:

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը