Լրահոս

31.05.2016 20:40


Սերժանտի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է, երկրորդը՝ ձերբակալվել

Սերժանտի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է, երկրորդը՝ ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, որի արդյունքում բացահայտվել է մեկ այլ հանցագործություն։

2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանը՝ «կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ: Վերջինս, «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15:55-ի սահմաններում, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է քննչական խումբ։

Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը տեղի է ունեցել վիճաբանություն մի քանի զինծառայողի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նշված միջադեպի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Կոսոբոգլյանը ձեռքերով, ոտքերով հարվածներ է հասցրել Հ.Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել նրա կրծքավանդակի ձախ հատվածին, ապա մարմնական վնասվածք պատճառել մեկ այլ զինծառայողի՝ շարքային Ա.Կարապետյանին։

Ապացույցների հիման վրա՝ Գ.Կոսոբոգլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Քննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել նաև Գ.Կոսոբոգլյանի նկատմամբ։ Նրան ծեծելու կասկածանքով ձերբակալվել է

նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող՝ ավագ սերժանտ Ս.Կարապետյանը։

Նախաքննությունը շարունակվում է։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը