Լրահոս

01.06.2016 11:24


ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և ՀՀ ՄԻՊ–ը սկսում են երկարաժամկետ համագործակցության փուլ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և ՀՀ ՄԻՊ–ը սկսում են երկարաժամկետ համագործակցության փուլ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջիկա երեք տարիներին կգործադրեն համատեղ ջանքեր՝ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ:

Գործընկերները համատեղ քայլեր կձեռնարկեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվելիք երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժնի կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ կուսումնասիրեն երեխաների կողմից դիմումների եւ բողոքների ստացման մեխանիզմը: Կմշակվեն 2016-2018թթ. երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու ընդհանուր ռազմավարությունը:

«Երեխաների իրավունքների հուսալի պաշտպանությունը մեր երկրի զարգացման կարեւորագույն ռազմավարական ուղղություն է: Այդ նկատառումով պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվելու է Երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին: Մենք պատրաստ ենք իրականացնել նախաձեռնողական աշխատանք՝ այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու եւ դրանց լուծմանը նպաստելու համար: Ընդ որում, այդ ընթացքում նախատեսում ենք ակտիվորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ դա դիտարկելով իրական արդյունքներ արձանագրելու կարեւոր գրավական», - հատուկ միջոցառման ընթացքում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ողջունում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հատուկ բաժնի ստեղծման նախաձեռնությունը: Այն կարող է կենսական դեր ունենալ Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի հետագա զարգացման գործում՝ կապող օղակ հանդիսանալով ոլորտի դերակատարների միջեւ՝ առավել խոցելի երեխաների խնդիրները բարձրաձայնելու գործում», - ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Ռադոչայը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ջերմորեն շնորհավորում են բոլոր մանուկներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն եւ անհոգ մանկություն:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Այս խորագրի վերջին նյութերը