Քաղաքական

14.06.2016 14:10


«Գելափ Ինթերնեյշնլը» գումար է ծախսել, որ պարզի քառօրյա պատերազմի հասարակական արձագանքը

«Գելափ Ինթերնեյշնլը» գումար է ծախսել, որ պարզի քառօրյա պատերազմի հասարակական արձագանքը

–Մայիսի 13-24–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ամբողջ տարածքով «Գելափ Ինթերնեյշնլի» կողմից իրականացվել են դեմառդեմ հարցումներ, որոնց մասնակցել է 18 տարեկանից բարձր 1106 մարդ,–այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է «Գելափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը։

Ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է քառօրյա պատերազմի հասարակական արձագանքը՝ ըստ վերջերս կատարված հետազոտության արդյունքների։

Հետազոտության մասնակիցներին հղած այն հարցին, թե ինչպես են գնահատում ՀՀ բանակի պատրաստվածությունն ու հմտությունը նման լայնածավալ հարձակմանը հակադարձելու տեսանկյունից, 40,1%–ը նշել է՝ լիովին պատրաստված է, ավելի շուտ պատրաստված է՝ 44,3%-ը, ավելի շուտ պատրաստված չէ` 11%–ը, ընդհանրապես պատրաստված չէ՝ 3,3%–ը։ Ընդհանուր առմամբ, հարցվածների 84,4%-ը կարծում է, որ մեր բանակը պատրաստ է հակազդելու նման լայնածավալ հարձակմանը։

1-5 բալային սանդղակի համաձայն՝ քաղաքացիների՝ բանակին օգնելու պատրաստակամությունը 4,9 բալ է, զինծառայողների մարտական ոգին և պատրաստությունը՝ կրկին 4,9 բալ, զինծառայողների ռազմական պատրաստվածությունը՝ 4,6 բալ և ՀՀ ՊԲ ու ԼՂՀ ՊԲ անհրաժեշտ ռազմատեխնիկայի հագեցածությունը՝ 3,2 բալ։

Հարցումներից ստացված արդյունքների համաձայն՝ քառօրյա պատերազմը հրահրող երկրների ցանկում առաջատարը 81,3 %-ով Թուրքիան է, այնուհետև 33%–ով՝ Ադրբեջանը, 17, 2%-ով՝ ՌԴ–ն, 14,5 %–ով՝ ԱՄՆ–ը։

«7օր»–ի հարցին, թե որքան միջոց է տրամադրվել տվյալ հետազոտությունն անցկացնելու համար, բանախոսները չեն պատասխանել։

–ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդհանրապես չի մասնակցել հետազոտության անցկացմանը. ես ընդամենը երեկ եմ իմացել այդ մասին–ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Գելափ Ինթերնեյշնլի» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն էլ հավելել է, որ հարցումներն ամբողջությամբ իրականացվել են իրենց ասոցիացիայի ուժերով, և ոչ մի պատվիրատու գոյություն չի ունեցել, նամանավանդ ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Մեր մյուս հարցին, թե նման հետազոտությունների արդյունքները որքանով են նպաստում բանակի ամրապնդմանը, Արամ Նավասարդյանը պատասխանել է.

Կարծում եմ՝ սա օգտակար տեղեկատվություն է, որպեսզի և՛ բանակը, և՛ այլ գերատեսչություններ գտնեն իրենց աշխատանքում եղած խնդիրները և փորձեն շտկել դրանք։ Ինչպես երևաց արդյունքներից, տարբեր գերատեսչություններ տարբեր ձևով են գնահատականներ ստացել։ Բացի այդ, այս տեղեկատվությունը թույլ կտա նաև մեր բարեկամ այլ երկրներին տեսնել՝ ինչպես ենք մենք մեր ներսում տեսնում իրենց արձագանքը։ Մենք տեսանք, որ ԱՄՆ–ը և Ռուսաստանը ստացել են ամենացածր բալերը արձագանքի առումով՝ լինելով Մինսկի խմբի համանախագահներ։

Արծրուն Հովհաննիսյանն էլ ավելացրել է, որ նման հետազոտությունները ցույց են տալիս գերատեսչությունների աշխատանքների թե՛ ձեռքբերումները, թե՛ թերացումները։

Շատ–շատերս մեր միջավայրում այսպիսի հետազոտությունների կարիք ունենք, որովհետև մենք կտրվել ենք իրականությունից «Facebook»-ի պատճառով։ Մեզ թվում է, թե վերջինս լավագույն ցուցիչն է, թե ինչ է կատարվում երկրում, բայց ոչ,– հավելել է Արծրուն Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը