Աշխարհ

15.06.2016 17:50


ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Թուրքիային ուղղված քննադատություններ են հնչեցվել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Թուրքիային ուղղված քննադատություններ են հնչեցվել

Հունիսի 13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի 32-րդ նստաշրջանը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 1-ը: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նստաշրջանի հենց առաջին օրերից Թուրքիային ուղղված խիստ քննադատություններ են հնչեցվել:

Նստաշրջանի շրջանակներում ելույթ ունեցած ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող իրավախախտումների առթիվ:

Իսկ մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի լիգայի անունից հանդես եկող Նիկոլաս Ագոստինին, կիսելով ալ Հուսեյնի մտահոգությունները, ընդգծել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը ահաբեկիչ է համարում և ճնշում է բոլոր այն ընդդիմադիրներին, լրագրողներին, իրավաբաններին ու մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր ԱԶԿ-ից տարբերվող տեսակետներով են հանդես գալիս:

Ագոստինին մտահոգիչ է համարել Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները՝ կոչ անելով Թուրքիային՝ հարգել մարդու հիմնարար իրավունքները: Նա կարծիք է հայտնել, որ այս առումով Թուրքիայի վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել:

Իսկ «İnternational Fellowship of Reconciliastion»-ի խոսնակ Դերեք Բրեթը քննադատել է այն հանգամանքը, որ երկրի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարող իրավապաշտպանները Թուրքիայում որակվում են որպես ահաբեկիչներ:

Բրեթը կոչ է արել Թուրքիային՝ ընդունել և թույլ տալ, որպեսզի Եվրամիության դիտորդները այդ խախտումների վերաբերյալ հետաքննություն անցկացնեն: Բրեթը նաև ընդգծել է, որ «ահաբեկչության դեմ պայքարի» անվան տակ Թուրքիան իրականում ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները։

«ermenihaber.am»

Այս խորագրի վերջին նյութերը