Քաղաքական

27.06.2016 15:58


«Ռեյտինգային ընտրակարգը կգործի ընտրակեղծիքներից զերծ երկրներում»

«Ռեյտինգային ընտրակարգը կգործի ընտրակեղծիքներից զերծ երկրներում»

Հունիսի 27–ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը, անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգին, հարցրել է՝ ի՞նչն է պատճառը, որ վերջինս քննարկման առարկա չի դառնում, և դրա վերաբերյալ կոնսենսուսի գալն այդպես էլ չի իրականացվում։ Ի՞նչն է պատճառը, որ իշխանությունները սկզբունքորեն չեն ցանկանում անդրադառնալ այդ հարցին։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է, որ չեն ցանկանում, քանի որ այդ մոտեցումն ավելի ժողովրդավար են համարում։

–Ես ընդհանրապես դեմ եմ, երբ փորձ է արվում կուսակցության հայացքները ներկայացնել որպես հանրության հայացք։ Եթե իմ ասածը ձեզ չի համոզում, առաջարկում եմ դուրս գալ փողոց և առաջին իսկ հանդիպած 10 մարդկանց ուղղել ձեր հարցը։ Կտեսնեք, որ մարդկանց հիմնական մասն անվստահություն չի արտահայտում։ Անվստահությունը մեզանում պայմանավորված է ոչ թե կոնկրետ ընտրակարգով, այլ այն խախտումներով, որ տեղի են ունենում։ Ինչ վերաբերում է բաց ընտրական ցուցակներով համամասնական ընտրակարգին, ապա եթե դուք համեմատական վերլուծություն կատարեք տարբեր երկրների օրենսդրությունների միջև, կտեսնեք, որ նժարը դեպի բաց ընտրակարգովի կողմն է թեքվում՝ որպես առավել ժովորդական, ժողովրդի շահերն առավելապես արտահայտող,– պարզաբանել է Դավիթ Հարությունյանը։

Էլինար Վարդանյանը, հակադարձելով Դավիթ Հարությունյանին, նրան է խորհուրդ տվել 10 անցորդի կանգնեցնել և նույն հարցը տալ։

–Խնդիրը նրանում է, որ ձեր կողմից նշած տարբեր պետությունների մեխանիզմները կարող են աշխատել, քանի որ նրանց ծանոթ չեն բոլոր այն ընտրակեղծիքները, որոնք այս տարիների ընթացքում կատարվել են մեծամասնական համակարգով ընտրությունների ժամանակ։ Հիմա այս «ռեյտինգային» կոչվածն առանձնապես չի տարբերվում մեծամասնական համակարգից։ Կրկին օգտագործվելու են թաղային հեղինակությունները, փողը և տարբեր գործարարների հնարավորությունները,– նշել է Էլինար Վարդանյանը։

ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն էլ, դիմելով Դավիթ Հարությունյանին, հարցրել է` եթե չկա գումար նախագիծն իրականացնելու համար, ապա եղած գումարն օգտագործվելո՞ւ է նպատակին հասնելու համար:

Դավիթ Հարությունյանը պարզաբանել է, որ 10-11 միլիոնի լինելը, իսկ մնացածի չլինելը նշանակում է հետաձգել նույնականացման քարտերի տպագրման գործընթացը։

–Էլեկտրոնային կառավարման բյուջետային ծրագիրը Եվրամիության հետ գոյություն ունի, որը ենթադրվում է կյանքի կոչել մյուս տարվա վերջին կամ 2018թ. սկզբին: Ծախսերն իր վրա է վերցնելու ԵՄ-ն: Երկրորդ հատվածը սարքավորումներն են, որոնք օգտագործվելու են անձին ճանաչելու և գրանցելու նպատակով։ Մի դեպքում սարքը ճանաչելու է անձնագրի կամ նույնականացման քարտի, կամ կենսաչափական անձնագրի համարը, մյուս դեպքում դա կատարվելու է մատնահետքով։ Ծրագրային ապահովումը տարբեր է, գներն էլ, իհարկե, տարբեր են։ Վերջինիս հատկացված գումարի հարցում ՀՀ կառավարությունը մասնակցելու է, քանի որ եթե որևէ դոնոր որևէ գումար չառաջարկեց մեզ, մենք կյանքի ենք կոչելու գործող Ընտրական օրենսգրքի մեխանիզմը, ինչը զուտ սարքավորումների առումով կազմելու է մի քանի միլիոն եվրո,–պարզաբանել է Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը