Լրահոս

28.06.2016 11:28


Ինչպես տարբերել որակյալ կաթն անորակից

Ինչպես տարբերել որակյալ կաթն անորակից

Իմ սիրելի ֆռենդներ ջան, սննդամթերքի պահպանության, որակի ու անվտանգության մասին լիքքքքը բան եմ իմացել, ու մտածեցի՝ էգոիստ չլինեմ, կիսվեմ ձեր հետ, դուք էլ առողջ ու ապահով ապրեք։
Սկսում եմ օգտակար խորհուրդների շարք:
Ձեր մեկնաբանությունները, դիտողությունները շատ օգտակար կլինեն։

Եվ այսպես, ինչպես տարբերել որակյալ կաթն անորակից

Խանութում կաթ գնելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել տարայի ամբողջականությանը: Տարան չպետք է վնասված տեղեր ունենա՝ անկախ դրա պատրաստման հիմք հանդիսացող նյութից (պոլիմեր, ստվարաթուղթ և այլն):
Տարայի վրա պետք է չմաքրվող ներկով կամ հատուկ պիտակներով հայերեն լեզվով մակնշված լինեն մթերքի անվանումը, ծավալը, յուղայնությունը, արտադրման ամսաթիվը և պահպանման ժամկետը, էներգետիկ արժեքը, տեղեկատվություն արտադրողի մասին, ինչպես նաև պահպանմանը վերաբերող ուղեցույց և նորմատիվ փաստաթղթերին վերաբերող տվյալներ:
Տնային պայմաններում պետք է առաջնային ուշադրություն դարձնել կաթի գույնին, հոտին, համին: Գույնը պետք է լինի մաքուր սպիտակ:
Կաթի կեղծման տարբերակներից մեկն այն օսլայով կեղծելն է. կաթում օսլա չպետք է լինի, սակայն արտադրողներն այն ավելացնում են՝ կաթի խտությունը պահպանելու համար: Օսլայի առկայությունը կարելի է ստուգել յոդի լուծույթով, եթե կաթի մեջ մեկ կաթիլ յոդ կաթեցնենք, և կաթիլի տեղում կաթը դեղնաշագանակագույն երանգ ստանա, ապա կաթում օսլայի հավելում չկա: Եթե կաթիլի տեղում կաթը կապտավուն երանգ ստանա, ապա դրանում առկա է օսլա:
Կաթի կեղծման մյուս դեպքն այն սոդայով կեղծելն է. սոդան ստամոքսի համար խիստ վնասակար է, սակայն արտադրողները սոդա ավելացնում են՝ կաթի թթվությունից խուսափելու և պահպանման ժամանակահատվածը երկարացնելու համար: Սոդայի առկայությունը տնային պայմաններում կարելի է ստուգել լակմուսի թղթի միջոցով: Կաթի ջրածնային կոնցենտրացիան 6.7-7 pH է, որը չեզոք է համարվում: Լակմուսի թուղթը թաթախեք կաթի մեջ և ստացված գույնը համեմատեք թթվայնության չափը բնութագրող գունային սանդղակի ցուցանիշի հետ: Եթե գույնի ինդեքսը հավասար է չեզոք կաթի ցուցանիշին՝ 6.7-7 pH-ի, ապա կաթի թթվայնությունը նորմի սահմաններում է:
Հնարավոր են նաև դեպքեր, երբ կաթը նոսրացվում է ջրով: Տնային պայմաններում ֆիլտրաթղթի վրա կաթեցրեք մի կաթիլ կաթ և հետևեք չորանալուն: Որքան ավելի յուղային է կաթը և որքան ավելի քիչ է նոսրացված ջրով, այնքան կաթիլն ուշ է չորանում, և կաթիլի շուրջն առաջացած խոնավ շրջանը փոքր է:
Կաթի նոսրացումը ջրով կարելի է պարզել նաև գիպսի միջոցով: Սովորական գիպսի փոշին թրջեք կաթով և խառնեք: Եթե կաթը նորմալ է, ապա գիպսի շաղախը պետք է քարանա 10 ժամից ոչ շուտ: 10 ժամից որքան շուտ է քարանում շաղախը, այնքան կաթն ավելի շատ է նոսրացված ջրով:
Տան պայմաններում կաթը պետք է պահել փակ տարայում՝ +4 աստիճան C ջերմաստիճանում:

Անուշ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը