Աշխարհ

12.08.2016 22:50


Ծանրորդ Սոնա Պողոսյանն Օլիմպիական խաղերի B ենթախմբում գրավեց 3-րդ տեղը

Ծանրորդ Սոնա Պողոսյանն Օլիմպիական խաղերի B ենթախմբում գրավեց 3-րդ տեղը

Ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանը կանանց 75 կգ քաշային կարգի B ենթախմբում գրավեց 3-րդ տեղը։

Կանանց B ենթախմբի մրցաշարի պոկում վարժությունում Պողոսյանը բարձրացրեց նախ 92 կգ։ Այնուհետև` 97 կգ, իսկ վերջին մոտեցման ժամանակ չկարողացավ գլխավերևում պահել 100 կգ։ Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 115 կգ, հետո` 122 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ` պահեց 126 կգ։ Երկամարտի 223 արդյունքով նա գրավեց 3-րդ տեղը։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից։

Սոնա Պողոսյանը գոհ է Օլիմպիական խաղերում իր ցույց տված արդյունքից, սակայն լարվածություն զգացել է։

«Մի փոքր լարվածություն ունեի, այդ իսկ պատճառով կորցրեցի պոկում վարժության երրորդ մոտեցումը՝ 100 կգ։ Առավել վստահ էի հրում վարժությունում։ Մարզումների ժամանակ բարձրացրել էի 125 կգ և վստահություն ունեի։ Ուրախ եմ և վստահություն ձեռք բերեցի, որ մասնակցում եմ մեծահասակների Օլիմպիական խաղերին։ Եվրոպայի առաջնությունում ինձ հաջողվեց պոկել 102 կգ և հրել 125 կգ»,- շեշտեց Պողոսյանը։

Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը նույնպես գոհ է Սոնա Պողոսյանի ելույթից Օլիմպիական խաղերում։

«Ծանրամարտում կա նման բան, եթե 6 մոտեցումից 5-ը բարձրացնում են, ապա դա լավ արդյունք է։ Սոնան մինչ այս մասնակցեց երիտասարդների աշխարհի առաջնությանը` 69 կգ քաշային կարգում, այդ իսկ պատճառով պոկում վարժությունը լիարժեք չկարողացավ կատարել։ Հրում վարժությունում Սոնան գերազանցեց իր լավագույն արդյունքը։ Նա խոստումնալից մարզուհի է և եթե շարունակի նույն ոգով, ապա մեծ ապագա կունենա»,- փաստեց գլխավոր մարզիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը