Լրահոս

16.08.2016 20:10


«Իզվեստիա»․ Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն զենքը, ինչ և Ադրբեջանին

«Իզվեստիա»․ Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն զենքը, ինչ և Ադրբեջանին

Ռուսական «Իզվեստիա» թերթն այսօր «Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն զենքը, ինչ և Ադրբեջանին» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշված է, որ երկու հարյուր միլիոնանոց վարկի դիմաց զենքի մատակարարումը Հայաստանին արդեն սկսվել է։ Այս մասին գրում է «Ազատությունը»։

Սակայն պաշտոնական Մոսկվան ու Երևանը ժամկետների ու մատակարարվող զենքի տեսակի մասին մանրամասներ չեն հայտնում։

Հեղինակը գրում է, որ զենքի մատակարարումից բացի՝ ռուսական կողմը զբաղվելու է նաև այդ զենքը սպասարկող հայ մասնագետների վերապատրաստմամբ: Ընդ որում, «Իզվեստիան» զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հաստատել է այս տեղեկությունը։

Փորձագետների կարծիքով խոսքը ծանր սպառազինության մասին է, որի առկայությունը զգալիորեն կուժեղացնի հայկական բանակը։ Սրա հետ մեկտեղ՝ «Իզվեստիան» շեշտում է, որ թեև մատակարարումը սկսվել է, այդուամենայնիվ, զինատեսակների վերջնական ցուցակը դեռ համաձայնեցված չէ։ Թեև պաշտոնական Երևանը հրաժարվել է մանրամասնել, թե հատկապես ինչ զինատեսակների մասին է խոսքը, ռուսական թերթը գրում է, որ Հայաստանը մտադիր էր Ռուսաստանից գնել նախ և առաջ «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» համակարգերը, «ԻԳԼԱ – ԷՍ» հրթիռային համակարգը, ռադիոտեխնիկական «Ավտոբազա ԷՄ» համակարգը, «Տիգր» զրահամեքենաներ։

«Իզվեստիան» մեջբերում է նաև օգոստոսի 10-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը։ Պուտինը, հիշեցնենք, ասել էր՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ ում, և որ Ռուսաստանը ունի պարտավորություններ և միշտ իր պարտավորությունները կատարում է:

Ռազմական հարցերով փորձագետ Անդրեյ Ֆրոլովը թերթին ասել է, որ Մոսկվան Հայաստանին տրամադրում է նույն այն զենքը, ինչ ավելի վաղ գնել էր Ադրբեջանը: Այդ զենքը, իհարկե, կուժեղացնի հայկական կողմին, սակայն միևնույն է՝ Բաքուն կպահպանի որոշակի առավելություն, կարծում է փորձագետը։

«Հայաստանի և Ադրբեջանի բյուջեների տարբերությունը շատ մեծ է։ Այս պայմաններում հնարավոր է միայն հստակ հասցեագրված ներդրումներով իրավիճակը չհասցնել կրիտիկականի»,- ասում է ռուսաստանցի փորձագետը։

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը