Աշխարհ

22.08.2016 16:10


Ամերիկահայերը շարունակում են դատական կարգով պահանջել Ինջիրլիքի ռազմաբազայի իրենց հողակտորները

Ամերիկահայերը շարունակում են դատական կարգով պահանջել Ինջիրլիքի ռազմաբազայի իրենց հողակտորները

ԱՄՆ քաղաքացիներ Ալեքս Բակալյանը, Անաիս Հարությունյանը և Ռիտա Մահդեսյանը շարունակում են դատական կարգով հետ պահանջել 1915-1923թթ թուրքական պետության կողմից բռնագրավված՝ իրենց հարազատներին պատկանած հողակտորները, որոնց մի մասի վրա կառուցված է ՆԱՏՕ-ի կողմից շահագործվող Ինջիրլիքի ավիաբազան:

«Ակոսի» փոխանցմամբ՝ ցեղասպանությունից փրկվածների սերունդներ հանդիսացող Բակալյանը, Հարությունյանը և Մահդեսյանը դեռևս 2013-ին դիմել էին Կալիֆոռնիայի տարածքային դատարան՝ պահանջելով կազմակերպել Ադանայի Ինջիրլիք շրջանում գտնվող և ԱՄՆ-ի կողմից նույնպես շահագործվող համանուն ավիաբազայի տարածքում և դրանից դուրս գտնվող մոտ 500 դյոնում հողատարածքը, որն ապօրինաբար խլվել է թուրքական պետության կողմից:

Պատասխանող կողմ հանդիսացող Թուրքիայի Հանրապետության կենտրոնական և «Ziraat» բանկերի փաստաբանները, վկայակոչելով ինքնիշխանության անձեռնմխելիության սկզբունքը, դատարանից պահանջել էին չեղյալ հայտարարել հայցը: Դատարանը հայցը մերժել էր` պատճառաբանելով, որ այդ հարցը քաղաքական բնույթ ունի, քանի որ կապված է ցեղասպանության հետ։

Նշվում է, որ ամերիկյան վճռաբեկ դատարանի կողմից հօգուտ հայերի որոշում կայացնելու դեպքում 13 ամերիկաբնակ հայ դատական կարգով կպահանջի իր նախնիներին պատկանած հողակտորները, որոնք նույնպես գտնվում են ներկայիս ավիաբազայի տարածքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը