Մեկնաբանություն

10.09.2016 22:45


Սերժսարգսյանական «բարեփոխումների» մասին

Սերժսարգսյանական «բարեփոխումների» մասին

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ խոսել է բարեփոխումներից: Դա նշանակում է, որ Հայաստանին լուրջ փորձություններ են սպասվում, քանի որ «բարեփոխումներ» և «Սերժ Սարգսյան» բառերը իրար հականիշ են:

Սերժ Սարգսյանը բարեփոխումներից էր խոսում 2008-ին: Նրա սիրելի վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնիսկ ավելի հմայիչ բառ էր գտել՝ «բարեշրջում»: Այդ «բարեշրջման» արդյունքը եղավ այն, որ 2009-ին մենք համաշխարհային հակառեկորդ սահմանեցինք՝ դոլարային հաշվարկով տնտեսական ամենամեծ անկումը գրանցելով:

ՀՀԿ ղեկավարը բարեփոխումներից խոսում էր ամեն տարի՝ առաջարկելով թալանչիներին գլխից բռնել: Իրականում թալանը դրվեց պետական ու ինստիտուցիոնալ հիմքերի վրա:

Ինչ վերաբերում է հետագա «բարեշրջումներին», ապա ունենք հետևյալ պատկերը՝ վերջին ութ տարում ավելի քան 300 հազար արտագաղթող, ներդրումների կտրուկ կրճատում, աղքատության երկինիշ աճ, կապիտալի բազմամիլիարդանոց արտահոսք, բիզնես միջավայրի վատացում, բիզնեսի տարբեր ճյուղերի կենտրոնացում և մենաշնորհայնացում, փայմտնոցիներ, հասարակական հարաբերությունների այլանդակում, լրատվական դաշտի ապականում, քաղաքական դաշտի մեծ մասի հաճախորդացում և այլն:

Սարգսյանը մշտապես խոսում էր նաև բանակի մասին: Ապրիլյան մարտերը ցույց տվեցին, թե ինչ ենք ստացել պետական մակարդակով կազմակերպված թալանից հետո: Մարդկային ու տարածքային ցավալի կորուստները վկայում են, թե իրականում ինչն ինչոց է:

Սարգսյանի մոտ նույն որակի արդյունքներ են նաև արտաքին քաղաքական ոլորտում: «Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում Հայաստանը հայտնվեց գնդակի դերում, իսկ Ղարաբաղի գլխին սև ամպեր կուտակվեցին: «Արևմտամետությունն» ու «եվրասիականացումն» էլ բերեցին այն բանին, որ մեզ սկսեցին չհարգել Արևմուտքում և չվստահել Ռուսաստանում:

Հիմա, երբ փորձ է արվում խաբել հանրությանն ու խորհրդարանական ընտրություններից առաջ թոզ փչել մարդկանց աչքերին, հասկանալի է դառնում, թե ինչ խնդիրներ ու նպատակներ կան Բ26-ում՝ «բարեփոխումների» անվան տակ:

Սերժ Սարգսյանը որոշել է ցմահ մնալ պետական կառավարման համակարգում, ինչը հակաբարեփոխիչ նպատակ է և սպառնում է մեր երկրի անվտանգությանը: Փոփոխությունները, հետևաբար, օրակարգային թիվ մեկ ու միակ խնդիրն են դառնում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը