Մեկնաբանություն

21.01.2017 21:15


Ո՞վ կվերցնի մրցանակը

Ո՞վ կվերցնի մրցանակը

Քաղաքական դաշտի դասավորության վրա երկու մարդ էական ազդեցություն է թողել։ Խոսքը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և Գագիկ Ծառուկյանի մասին է։

Եթե սպորտային լեզվով ներկայացնենք քաղաքական իրավիճակը, ապա պետք է նշենք, որ կան բարձրագույն լիգայում և մի կարգ ցածր խմբում հանդես եկողներ։

Բարձրագույն խմբում շրջանառվում է 4 գործչի անուն, որոնց շուրջ էլ տեղի են ունենում քաղաքական զարգացումները։ Նրանցից երկուսը իշխանական տիրույթից են (Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան), մյուս երկուսը՝ ոչիշխանական (Սեյրան Օհանյան, Գագիկ Ծառուկյան)։

Սերժ Սարգսյան

Գործող նախագահը հին ու լճացած համակարգի քայլող մարմնավորումն է։

Սերժ Սարգսյանի նպատակը սեփական դիրքերն իշխանական համակարգում պահելն է։ «Վերարտադրություն» օպերացիան կյանքի կոչելու համար էր փոխվում Սահմանադրությունը և ներդրվում «ռեյտինգային» կոչված ընտրակարգը։

Սարգսյանը հանրությունից ակնկալիք չունի (նրա հույսը ընտրական հայտնի տեխնոլոգիաներն են և «ռեյտինգային» թեկնածուների փողի պարկը), հանրությունն էլ իր հերթին որևէ դրական ակնկալիք չունի ՀՀԿ ղեկավարից։ Հանրության ճնշող մեծամասնությունը փոփոխությունների պահանջ ունի և այդ պահանջի բավարարումը հաստատ Սարգսյանի միջոցով չի տեսնում։ Կարճ ասած՝ Սարգսյանի ծրագրերը հակոտյնա են հանրային սպասումներին։

ՀՀԿ–ի վրա հենվող Սարգսյանը իր նախագահության շրջանում տապալել է ներքին ու արտաքին քաղաքականությունը, տնտեսության մակրո և միկրոմակարդակներում գրանցել բացասական ցուցանիշներ։ Միայն արտագաղթի թվերը հերիք են, որպեսզի մենք վերջին 9 տարիները համարենք կորստի և հետընթացի տարիներ։

Վերջին 9 տարիների ընթացքում հարվածներ է ստացել նաև մեր անվտանգության համակարգը։ «Նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում թուլացել են մեր դիրքերը Ղարաբաղի բանակցություններում։ Ապրիլյան քառօրյա մարտերն ու մեր կորուստները հենց այդ «նախաձեռնողականության» ուղղակի հետևանքն էին, նաև՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման հետևանքը։

Պարադոքս է, բայց այս բոլոր ձախողումներով հանդերձ Սերժ Սարգսյանը մնում է քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից, քանի որ տիրապետում է ռեսուրսների և իշխանական լծակների։

Ի դեպ, Սարգսյանն իր իշխանության վերարտադրության ծրագրի կյանքի կոչման հարցում գրեթե միայնակ է։ ՀՀԿ–ում և իշխանական բուրգի տարբեր հատվածներում, մեղմ ասած, ոգևորված չեն նրա ծրագրով, պարզապես դեռ պահը չի հասունացել, որպեսզի հակասությունները սուր և բացահայտ դրսևորումներ ստանան։

Կարեն Կարապետյան

Նախորդ տարվա ապրիլյան և հուլիսյան իրադարձությունները Սերժ Սարգսյանին ստիպեցին գնալ որոշակի ներքին վերադասավորումների։ Արդյունքում վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը։ Այդպիսով փորձ արվեց ՀՀԿ–ին, այսպես ասած, մարդկային տեսք տալ, ինչը սակայն չստացվեց։ Փոխարենը հհկացվելով վարկանիշային կորուստ ունեցավ վարչապետը։

Հիմա ՀՀԿ–ում տեղի է ունենում կուլիսային պայքար։ Հնի մարմնավորումը Սարգսյանն է, իսկ նորինը՝ Կարապետյանը։

Դատելով ամենից՝ Սարգսյանը Կարապետյանի մասով ունի կարճաժամկետ ծրագիր։ Վերջինս պարբերաբար հասկացնում է, որ չի պատրաստվում տեղապահի գործառույթ իրականացնել։ Սարգսյանի ու Կարապետյանի հարաբերություններն, ըստ այդմ, փոխադարձ անվստահության ենթատեքստ ունեն։

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը մտավախություն ունի, որ չի կարողանալու անվերապահ ենթարկվողի դերակատարում տալ Կարապետյանին։ Դա է պատճառը, որ «անկախ» մամուլի միջոցով շրջանառության մեջ է դրվել այն տեսակետը, թե Սարգսյանի համար ժամանակավոր վարչապետացուն Վիգեն Սարգսյանն է։

Թե ինչպիսի զարգացումներ կլինեն, պարզ կդառնա ՀՀԿ–ի համամասնական ցուցակից և Կարապետյանի վարքագծից։

Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական վերադարձը չէր մտնում Սերժ Սարգսյանի ծրագրերի մեջ։

Հաշվի առնելով սոցիալական բաղադրիչը և այլ գործոններ՝ նա ունի էլեկտորալ որոշակի բազա։ Այդ բազան ՀՀԿ–ն կարող էր սեփականաշնորհել ապրիլին, սակայն Ծառուկյանի գործոնը լուրջ խնդիրներ կառաջացնի այդ առումով։

Այս պահին կարող ենք արձանագրել, որ Ծառուկյանը ոչիշխանական դաշտում գործող ուժի կենտրոններից մեկի խորհրդանիշն է։ Մյուս խորհրդանիշը Սեյրան Օհանյանն է։

Սեյրան Օհանյան

Թեև պաշտոնապես դեռ չի հայտարարվել, սակայն պարզ է, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության, «Երրորդ հանրապետություն» կուսակցության և Հայաստանի դեմոկրատական կուսակցության դաշինքը, որն ընդլայնվելու միտում ունի, գլխավորում է Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանը պետական կառավարման, մասնավորապես՝ ռազմական ոլորտում բազմամյա ղեկավարման փորձ ունի և այդ առումով նրան նոր մարդ չես համարի։ Բայց մյուս կողմից էլ՝ քաղաքական դաշտում նա ընկալվում է որպես նոր մարդ, ում հանրությունը դեռ ամբողջությամբ չի ճանաչում, ծանոթ չէ նրա հայացքներին ու մտածողությանը։

«Նոր մարդ» ընկալվելը և՛ առավելություն է, և՛ թերություն. նայած, թե ինչպես կներկանա Օհանյանը։ Եթե հասցնի ճանաչելի դառնալ հանրության համար, ապա միանշանակ կշահի։

Օհանյանը մինչև վերջերս «փակ մարդու» իմիջ ուներ, ինչը օբյեկտիվորեն էր ձևավորվել, քանզի ուժային կառույցներ ղեկավարած մարդը որպես կանոն այդպիսին է լինում։

Այդ «փակությունը» բացելու նպատակ են, թերևս, հետապնդում Օհանյանի ֆեյսբուքյան գրառումները, որտեղ նա ներկայանում է ոչ թե նեղ բանակային, այլ պետական կառավարման մյուս ասպեկտներին վերաբերող տեսակետներով։

Դժվար չէ կռահել, որ ի տարբերություն Ծառուկյանի, ով ընտրապայքարում շեշտը դնելու է սոցիալական բաղադրիչի վրա, Օհանյանն իր մրցակցային առավելությունները ցույց է տալու գաղափարական ու ռազմաքաղաքական հատվածներում։

Եթե այդ ամենին գումարվի նաև սոցիալ–տնտեսական ոլորտում հստակ ծրագրի և համապատասխան թիմի առկայությունը, ապա Օհանյանը կարող է դառնալ ոչիշխանական դաշտի լիդերը՝ ԱԺ ընտրությունների արդյունքում դառնալով գլխավոր մրցանակակիր։ Ամեն ինչ կախված է գրագետ որոշումներից, կուռ ու բանիմաց թիմ ձևավորելու կարողությունից, վճռականությունից և կազմակերպվածությունից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը