Լրահոս

16.02.2017 13:18


Երևանում ինտենսիվ գարնանային վարարումների առաջացման վտանգի առկայության մասին

Երևանում ինտենսիվ գարնանային վարարումների առաջացման վտանգի առկայության մասին

Բոլոր գիտական նյութերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հզոր ձնածածկույթի առկայությունը դեռ որոշիչ պատճառ չէ ուժեղ արտահայտված գարնանային վարարումների առաջացման համար: Գետերում ջրի ելքերի կտրուկ բարձրացման համար անհրաժեշտ է մի քանի օդերևութաբանական երևույթների միաժամանակյա առկայությունը, մասնավորապես՝ օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը և դրան ուղեկցող տաք անձրևները:

ՀՀ տարածքի գետերի սնումը խառն է, ընդ որում՝ տարբեր գետային ավազաններում այս կամ այն սնման բաղադրիչի դերը ենթարկվում է նշանակալի փոփոխության: Գետերի հոսքի ռեժիմին բնորոշ են հետևյալ փուլերը.

• գարնանային վարարումներ,
• անձրևներից առաջացած հորդացումներ,
• աշնանային և ձմեռային սակավաջրություն:

Գարնանային վարարումները ՀՀ գետերի, այդ թվում՝ Հրազդանի և Գետառի ջրային ռեժիմի հիմնական փուլն է, որը գրեթե բոլոր գետերի մոտ հանդես է գալիս լավ արտահայտված՝ մեկ ընդհանուր ալիքի տեսքով: Այն ձևավորվում է ստորերկրյա և հալոցքային ջրերից, ինչպես նաև՝ անձրևաջրերից: Սինոպտիկական պրոցեսների ժամանակ, երբ տեղի է ունենում օդի ջերմաստիճանի զգալի և կտրուկ բարձրացում, միաժամանակ ձնհալք բարձրադիր գոտիներում, որն ուղեկցվում է տաք անձրևներով, վարարումները արտահայտվում են բուռն կերպով և առանձնանում են ջրի մակարդակի զգալի բարձրացումներով: Այդպիսի վարարումների տևողությունը համեմատաբար կարճ է՝ 2-3 օր:

Հանրապետության տարածքի գետերի առավելագույն ելքերը դիտվում են հիմնականում գարնանային վարարումների ընթացքում՝ մարտ-ապրիլ ամիսներին, իսկ Արաքս գետի ավազանում հնարավոր է նաև մայիս ամսվա առաջին հատվածում: Ուստի, վերջինիս՝ ժամանակին կանխատեսումը կանխարգելում է այն վտանգը, որը կարող է տեղի ունենալ առավելագույն ելքերի անցման ժամանակ:

Ներկա պահին հնարավոր չէ կանխատեսել Երևանով հոսող Գետառ և Հրազդան գետերում ջրի մակարդակի ինտենսիվ բարձրացումներ կլինեն, թե ոչ: Նման երևույթները կանխատեսելի են միայն 5-6 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներն ու դրան ուղեկցող ինտենսիվ անձրևները:

Օրինակ՝ 2004 թ.-ի մարտի 5-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան ներթափանցած տաք օդային հոսանքները և դրանց ուղեկցող առատ անձրևները, մի շարք գետերում, այդ թվում՝ Հրազդան գետում ինտենսիվ վարարումների և ափամերձ տարածքների ջրածածկման պատճառ հանդիսացան: Մինչդեռ այդ տարի՝ փետրվարի վերջին և մարտի սկզբին, հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում ձնածածկույթ ընդհանրապես բացակայում էր, ձյան ծածկ առկա էր միայն 1700 մ-ից բարձր գոտիներում:

Լինում է նաև ճիշտ հակառակը: 2012 թ.-ի փետրվարին հանրապետության ողջ տարածքում հաստատված կայուն և հզոր ձնածածկույթը, որը լեռնային գոտիներում հասնում էր 60-100 սմ, Հրազդան և Ջերմուկ քաղաքներում՝ 103-127 սմ, Երևանում՝ 35-40 սմ, օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացման արդյունքում ՀՀ գրեթե բոլոր գետերում նույնիսկ լուրջ վարարման ալիք չառաջացրեց:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ 2017 թ. մարտին Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը նախատեսել է կազմել գարնանային վարարումների կանխատեսում և այն տրամադրել ՀՀ պետական ու տարածքային կառավարման մարմիններին, լրատվամիջոցներին, իսկ հնարավոր հեղեղումների և ջրածածկումների վտանգի առկայության վերաբերյալ ահազանգումներն ու նախազգուշացումները կտարածվեն 4-5 վաղօրոքությամբ՝ կանխատեսումների տեսքով:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը