Մեկնաբանություն

07.04.2017 15:15


Ահա՛ այսպիսի «դիտորդություն»

Ահա՛ այսպիսի «դիտորդություն»

Անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ էր (մեղմ ասած, տարօրինակ էր) Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի «դերակատարությունը» ապրիլի 2-ի ընտրություններում:

Դեռևս անցած տարվա սեպտեմբերին սփյուռքյան մեր հայտնի արվեստագետները հայտարարեցին, թե նախաձեռնում են «Արդարություն Հայաստանում» շարժումը կամ արշավը, որին միացան շատերը թե՛ Սփյուռքից և թե՛ Հայաստանից: Նպատակի մասին էլ ազդարարեցին՝ ապրիլի 2-ին գալու են Հայաստան՝ որպես դիտորդ հետևելու խորհրդարանական ընտրությունների ընթացքին:

Անցած տարվա աշնանը նրանց նախաձեռնած շարժումը չափազանց ոգևորեց հայաստանցիներիս, մանավանդ որ հայտնի արվեստագետներն, ըստ իրենց դրսևորած կեցվածքի, ակնհայտորեն վճռական էին տրամադրված: Այնքան վճռական, որ ես նույնիսկ մտավախություն ունեցա, որ նրանց թույլ չեն տա դիտարկելու կամ վերահսկելու քվեարկության ընթացքը: Մտավախության հիմք կար, քանի որ իշխանական տարբեր գործիչներ, առանց այլևայլության, զգուշացնելու պես տեղեկացնում էին, թե իշխանությունն ինքն է որոշում, թե որ կազմակերպությանը կամ որ դիտորդական խմբերին պետք է հրավիրի: Ինչևէ:

Եկան, տեղ հասան Արսինեն, Ատոմը և Սերժը ու անգամ հասցրին մինչ ապրիլի 2-ն ասուլիս տալ: Որոշ լրագրողներ էլ արդեն հազարերորդ անգամ նրանցից ճշտեցին՝ արդյոք ընտրապայքարի մասնակից ինչ-որ ուժի կամ դաշինքի սատարելու մտադրությա՞մբ չեն ժամանել (դե, ՕՐՕ-ի հետ էին կապում նրանց ակտիվությունը): Սփյուռքից ժամանածները հերթական անգամ և կտրականապես հերքեցին՝ նշելով, որ ոչ մի ուժի համար չեն եկել:

Դե, մտածեցի՝ լավ է, դիտորդության վկայականներ էլ արդեն հասցրել են ձեռք բերել, և այլևս ոչ մի խնդիր չկա: Մեր սիրելի արվեստագետները որ նման արշավ են նախաձեռնել, ուրեմն հետևողական կլինեն ու կդիտարկեն քվեարկության ողջ ընթացքը, հետընտրական օրերին էլ իրենց գնահատականները կհայտնեն՝ որպես անաչառ, օբյեկտիվ, սկզբունքային, անկախ դիտորդներ: Ավաղ, նրանց կողմից ակտիվություն չնկատեցինք: Հայրենիք ոտք դնելուն պես ասես «հիպնոսացրին» նրանց: Նախկին էնտուզիազմն արդեն չկար, իսպառ չքվեց Հայասանում արդարության հասնելու հաստատ մղումով ոտքի ելած հայտնի արվեստագետների մոտ: Հպանցիկ, լղոզված, «ո՛չ նալին, ո՛չ մեխին» ոճով ինչ-որ բաներ ասացին ու «թռան» Արցախ։ Կարծես ընտրություններն Արցախում էին տեղի ունեցել կամ ունենալու: Մեկը կամուֆլյաժով հայտնվեց առաջնագծում ու նկարվեց, մյուսը ոգեշնչված խոստացավ ֆիլմ նկարել Արցախի մասին, մյուսն էլ երգեց: Ահա՛ այսպիսի «դիտորդություն»:

Եթե «Արդարություն Հայաստանում»-ը նախաձեռնվել էր Արցախում զբոսաշրջություն իրականացնելու համար (ինչը վատ չէ, շատ էլ լավ է), ապա այդպես էլ թող ասեին: Թե չէ, ինչի՞ նման է ՀՀ-ում ընտրակեղծիքների, խախտումների և այլ ընտրական այլանդակությունների դեմ արշավ նախաձեռնելը, բայց գլխավոր անելիքը մի կողմ թողած՝ տրվել զբոսանքի: Չէ՞ որ ՀՀ ընտրողները հույսեր էին կապում նաև սփյուռքյան հայտնիների դիտորդական առաքելության հետ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը