Կարծիք

19.05.2017 16:00


Սերժ Սարգսյանի ապագա կարգավիճակը

Սերժ Սարգսյանի ապագա կարգավիճակը

Ինչպես է պահելու իշխանությունը Սերժ Սարգսյանը: Կարծես թե դա է հիմնական հարցը, որը փորձում է հասկանալ Հայաստանի բազմաչարչար ժողովուրդը:
Դա կարելի է փորձել կռահել մի շարք հանգամանքներից, սակայն մինչ այդ մի փոքր տեղեկություն, որը քչերին է հայտնի:
1999-ին, երբ իշխանության համար պայքար էր գնում Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, Վազգեն Սարգսյանը նախաձեռնել էր ստեղծել մի սուպերկառույց վարչապետի` այսինքն իր, վերահսկողության տակ, որը պետք է վերահսկեր ՊՆ-ն, Ներքին գործերը, Ազգային անվտանգությունը, Արտակարգ իրավիճակների կառույցը, Աղետի գոտին և Կառավարության կադրերը: Այսինքնն դա լինելու էր պետություն պատության մեջ: Դրա մասին մամուլում չէր գրվել: «Հոկտեմբերի 27»-ը տապալեց այդ նախաձեռնությունը:
Հիմա, կարծես թե, փորձ է արվում նորից նման մի կառույց ստեղծել, որի լիազորություններն ավելի մեծ են լինելու՝ հաշվի առնելով նաև ՀՀԿ ղեկավարի փաստացի ազդեցությունը, ստեղծվելիք կառույցը ԱԺ-ի մեծամասնության ֆրակցիայի օգնությամբ նշանակելու է նաև ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին և վարչապետին: Սակայն դա բավական չէ:
Մոտ ժամանակները երևի կիմանանք նման մի կառույցի ստեղծման մասին, սակայն ավելի հետաքրքիր է, թե ինչ գաղափարախոսություն է ձևավորվելու այդ կառույցի համար:
Եթե ուշադիր հետևենք իրադարձություններին, կարծես թե դա նույնպես ուրվագծվում է:
Դեռևս 2 տարի առաջ ԱԺ փոխխոսնակ և ՀՀԿ խոսնակ Է.Շարմազանովը պաշտոնապես Սերժ Սարգսյանին անվանել էր «Ժողովրդի Հայր»:
Վերջերս Ս.Սարգսյանը պատասխանելով իր քաղաքական ճակատագրի մասին հարցին՝ ասել էր, որ իրեն տեսնում է պաշտպանության խնդիրներով զբաղվողի կարգավիճակում, իսկ «Ազգ-Բանակ» թեզը կարծես թե գալիս է լրացնելու այդ կարգավիճակի գաղափարական հենքը:
Շատ կարևոր են նաև նոր նշանակումները, որոնք նույնպես հուշում են Սարգսյանի մտադրությունների մասին: Նոր նշանակված ՊՆ փոխնախարարները, կարծես թե, բանակում կատարելու են «նոր գաղափարափոսության» կոմիսարների դերը, որպեսզի բանակը ամբողջությամբ վերահսկվի: Առաջիկայում պետք է սպասել նաև «կոմիսարների» նշանակումներ ԱԱԾ-ում և ոստիկանությունում:
--------------------------------------------------------------------------
Այս տրամաբանության մեջ ինչ սպասելիքներ կան մինչև 2018 թվականը:
---------------------------------------------------------------------------
1. Նոր օրենք սուպերկառույցի մասին` ըստ երույթին դա կլինի Ազգային անվտանգության խորհրդը,
2. Սերժ Սարգսյանի հեղինակությամբ պետք է հրատարակվի մի գիրք` փիլիսոփայական զեղումներով, Ազգ-Բանակի կոնցեպցիայի մասին:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը