Կարծիք

01.06.2017 14:20


Ինչ տուն է կառուցում իր համար Սերժ Սարգսյանը

Ինչ տուն է կառուցում իր համար Սերժ Սարգսյանը

Երբ դեռևս քննարկվում էր սահմանադրական փոփոխությունները, ես փորձել եմ բացատրել թե Սերժ Սարգսյանն իրեն ինչ կարգավիճակում է տեսնում ապագայում:
Այս կարգավիճակի մասին կարելի է պատկերացում կազմել մի շարք անձանց (ովքեր լիազորված են հանրայնացնելու Ս.Սարգսյանի մտքերը) վերջին երկու տարիներին արված հայտարարություններից, որոնց շատ քչերն են լուրջ վերաբերվել, սակայն այժմ այդ գործընթացն արագ տեմպերով ընթանում է:
Է.Շարմազանովը մի քանի կարևոր հայտարարություններ է արել ՀՀԿ ԳՄ փակ նիստերից հետո, այսինքն դրանք եղել են պաշտոնական հայտարարություններ:
1.Առնվազն մոտակա 10 տարիների ընթացքում դեպի իշխանություն տանող դուռը գտնվում է Մելիք Ադամյան փողոցում:

2.Սերժ Սարգսյանը «ժողովրդի հայրն» է:

3-րդ հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանն անձամբ՝ ասելով, որ իրեն տեսնում է մի որևէ պաշտոնում, որը պատասխանատու է ազգային անվտանգության հարցերի համար:

4-րդ հայտարությունն արել է Վիգեն Սարգսյանն «ազգ-բանակի» մասին:

Եթե ոմանց թվում է, որ սրանք պատահական հայտարարություններ են, ապա խորապես սխալվում են:
Հենց այս թեզերի վրա էլ կառուցվել է նոր Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը, որն ըստ էության չընտրությունների մասին օրենսգիրք է, որտեղ ՀՀ նախագահի պաշտոնը դարձվել է արարողակարգային:
Ապագա համակարգի մասին պետք է եզրակացություններ անել նաև ընթացող կադրային նշանակումներից` ՊՆ-ի ղեկավար կազմի, ԱԱԾ-ի, ԱԻՆ-ի և այլ ուժային կառույցներում Սարգսյանին հավատարիմ (կամ իրենց կարիերայի համար միմիայն իրեն պարտական) կադրերից:
Այստեղ կարևոր է նաև «նոր որակի» ընդդիմության գեներացիան, ինչն այլ թեմա է:
-----------------------------
Եզրակացություն
-----------------------------
Այս ամենից կարելի է անել հետևյալ եզրակացությունը, որ երկիրը կառավարվելու է ոչ միայն ՀՀԿ նախագահի կողմից, այլև ստեղծվում է մի Սուպեր կառույց (ինչն 1999-ին ցանկանում էր ստեղծել Վազգեն Սարգսյանը, բայց չհասցրեց), որն իր մեջ պետք է ներառի բոլոր ուժային կառույցները և որն, ըստ էության, դառնալու է պետություն պետության մեջ, այսինքն ընտրողների կողմից չվերահսկվող «խորքային պետություն»:
Այս ամենի համար պետք է ձևակերպել գաղափարախոսություն «ազգ-բանակի» հենքի վրա, որը և կլինի կոնցեպտուալ հիմք նոր, ոչ սահմանադրական պաշտոնի` «Ազգի Հոր» համար:
Մինչև 2018-ը պետք է սպասել, որ լույս կտեսնի Սերժ Սարգսյանի «կողմից» գրված մի գիրք, որտեղ կտրվի «ազգային անվտանգության» և «ազգ-բանակի» պատմափիլիսոփայական հենքը: Սպասենք գրքին և Սուպեր կառույցի ձևավորման օրենսդրական նեխաձեռնությանը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը