Լրահոս

02.06.2017 20:49


Լամբադա կամրջի մոտ թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է․ կան տուժածներ (լրացված)

Լամբադա կամրջի մոտ թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է․ կան տուժածներ (լրացված)

Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները (նախնական տվյալներով 8 քաղաքացի) հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Նախնական տվյալներով՝ 3 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր և 3 անչափահաս քաղաքացի՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ:

***

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը «Ազատությանը» փոխանցել է, որ ըստ նախնական տվյալների՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, որի հետևանքով, «ինքնագիտակցությունը կորցնելով, չի զգացել, որ մեքենան բարձրացնել է թմբի վրա և կողաշրջվել է»: Նա տեղափոխվել է հիվանդանոց:

Նավասարդյանի փոխանցմամբ, հիվանդանոցներ են տեղափոխվել ևս 9 մարդ, որոնցից 5-ը արդեն դուրս են գրվել, 5-ը դեռ հետազոտվում են:

«Ծանր վնասվածքներ չունեն, բոլորի վնասվածքները թեթև են: Վարորդը 60 տարեկան է, առավոտյան անցել է բուժզննում: Սպասարկող կազմակերպությունը գոհ է վարորդից»,-ասել է Հենրիկ Նավասարդյանը՝ հավելելով, որ ավտոբուսը նախատեսված է 45 ուղևորների համար, ըստ նախնական տվյալների, կողաշրջման պահին ավտոբուսում 25 մարդ է եղել:

«Իր [վարորդի] առողջականի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել: Ավտոբուսը 2007-2008 թվականի է, նորմալ վիճակում է եղել առավոտյան, լրիվ նոր անվադողերով է մեքենան: Մինչև իր շուռ գալը եղել է սարքին»,-«Ազատության» հետ զրույցում ասել էավտոբուսի շահագործող ընկերության աշխատակիցը:

Առաջին համալսարանական հիվանդանոցի պատասխանատու բժիշկ Արտակ Օհանյանը «Ազատության» հաղորդել է, որ իրենց մոտ են տեղափոխվել կողաշրջված ավտոբուսի 6 ուղևորներ․ «Մեր ունեցած տեղեկություններով, տուժել են 14 հոգի, մեզ դիմել են 6-ը»:

«16.20-ի դրությամբ գրեթե միաժամանակ ընդունվել են 6 տուժածներ, որոնց մեջ էր նաև վարորդը: Տուժածներից մեկը 12 տարեկան երեխա էր, ով նշում էր սրտխառնոց, գլխապտույտ, այսինքն՝ ուղեղի ցնցման նշաններ ուներ: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նա տեղափոխվել է մանկական մասնագիտացված կենտրոն՝ Ծերեթելիի հիվանդանոց: Մնացած 4 հիվանդների մոտ մանր քերծվածքներ էին: Մեկ տուժածի մոտ կար սթրեսային վիճակ: Աղջիկ էր 21-22 տարեկան, որը նույնպես հիմա իրեն լավ է զգում: Բոլոր հիվանդները այս պահի դրությամբ ուղարկվել են տուն»,-ասել է Արտակ Օհանյանը:

Անդրադառնալով 23 համար ավտոբուսի վարորդի առողջական վիճակին, բժիշկն ասել է․ «Կդժվարանամ ասել՝ ինչ խնդիր է ունեցել վարորդը, մեզ մոտ հետազոտվելուց հետո միայն աջ հոնքի պատռված, սալջարդ վերք էր: Վերքը մշակվել է, կարեր է դրվել, և ներկա պահին անհանգստացնող որևէ բան չկա»:

***

ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 19:20-ին կապ է հաստատվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի հերթապահ բժշկի հետ, ով հաղորդեց, որ իրենց մոտ հոսպիտալացված 5 տուժածներից՝ 1993 թ. ծնված Ս. Գ.-ի առոջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ 1976 թ. ծնված Ս. Պ.-ը, 1954 թ. ծնված Վ. Ք.-ը, 1954 թ. ծնված Վ. Հ.-ը և 1957 թ. ծնված Ռ. Ռ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ժամը 20:20-ին կապ է հաստատվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հերթապահ բժշկի հետ, ով հաղորդեց, որ իրենց մոտ հոսպիտալացված 3 տուժածներից՝ 2004 թ. ծնված Գ. Խ.-ի (ծնվ. առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ 2013 թ. ծնված Է. Մ.-ը և 2013 թ. ծնված Ս. Պ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ժամը 20:36-ին կապ է հաստատվել «Իզմիրլյան» ԲԿ-ի հերթապահ բժշկի հետ ով հաղորդեց, որ իրենց մոտ հոսպիտալացված՝ 1990 թ. ծնված Օ. Ն.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը