Լրահոս

20.01.2010 09:24


ՀԱԿ հայտարարություն

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հունվարի 19-ին դատարանի արձակած դատավճիռը 2008թ. մարտի 1-ի սպանդից ի վեր վարչախմբի որդեգրած սանձարձակ ու հանցավոր քաղաքականության, օրենքի ու արդարադատության, սեփական ժողովրդի նկատմամբ արհամարհանքի ու ցինիզմի դրսեւորման մի գագաթնակետ էր։ Երկարատեւ դատավարական պրոցեսում դատարանը այդպես էլ չկարողացավ գտնել որեւէ վկայություն, որեւէ ապացույց՝ հիմնավորելու համար քաղբանտարկյալի նկատմամբ հարուցված մեղադրանքներից եւ ոչ մեկը։ Եւ ընդհակառակը՝ դատարանում ներկայացվեցին բազմաթիվ նյութեր, փաստեր ու վկայություններ, որոնք հիմնովին հերքում էին հարուցված մեղադրանքները։ Դատավարության ընթացքում կատարվածի հետ ինչպես որ ոչ մի կապ չուներ պետական մեղադրողի պահանջած պատժաչափը, այնպես էլ դրա հետ ոչ մի աղերս չուներ դատավորի արձակած դատավճիռը։ Դրանք երկուսն էլ նախապես գրված սցենարի մի վերջաբան էին, որ պարտադիր կատարման ենթակա հրահանգի ձեւով իջել էլ կամակատար դատախազին ու դատավորին։ Վերջիններս, ըստ էության, հանդես եկան ոչ թե որպես անհրաժեշտ լիազորություններով օժտված եւ օրենքով նախատեսված պարտականություններով սահմանափակված, պետական արդարադատություն իրականացնող անկախ պաշտոնյաներ, այլ միջնադարյան իմաստով պարզ դահիճներ, որոնք վարժեցված անբան կենդանու պատրաստակամությամբ կատարում են իրենց տրված հրահանգը։

Դատարանը, վարչախմբի ու անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով արհամարհեց ԵԽԽՎ-ի բանաձեւերում ամրագրված այն պահանջը, որ չի կարելի պատիժ սահմանել այն մարդկանց նկատմամբ, ովքեր անձամբ բռնություն չեն կատարել, բռնության չեն դրդել եւ բռնության կոչ չեն արել։ Վարչախմբի այսօրինակ լկտի ինքնավստահությունը հենվում էր, անշուշտ, նաեւ այն բանի վրա, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անպատիժ խախտել էր նույն ԵԽԽՎ-ի բանաձեւերի մի այլ դրույթ, որով պահանջվում էր կալանքի տակ չառնել այն մարդկանց, ովքեր, հետախուզման մեջ, ընդհատուկում գտնվելով, ինքնակամ կներկայանան իրավապահ մարմիններին։

Կայացված ապօրինի դատավճիռը վարչախմբի կողմից հերթական հուսահատ փորձն է՝ ազատվելու համար Մարտի 1-ի սպանդի, հազարավոր քաղաքական հետապնդումների, հանցավոր ընտրակեղծիքների պատասխանատվությունից։ Այն ապացուցեց, որ վարչախումբը ոչ միայն մտադիր չէ որեւէ ետքայլ անել բռնապետության, ապօրինության ու ահաբեկչության խորացման իր ընտրած ուղուց, դրանով իսկ երկիրը գլորելով դեպի անխուսափելի կործանում։ Այդ կործանումն անխուսափելի է ցանկացած երկրում, որտեղ սահմանադրական կարգը փոխարինված է խուժանապետությամբ, որտեղ ոտնահարվում են օրենքներն ու արդարությունը, եւ իրական հանցագործները դատում են անմեղ մարդկանց։

Հայ Ազգային Կոնգրեսը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարչախմբի կայացրած դատավճիռը դիտում է որպես վախի, ցայտնոտի ու խուճապի մեջ գտնվելու արտահայտություն, ինչը նա, ամեն մի տրամաբանությունից ու բանականությունից հեռու այս քայլով փորձում է քողարկել կեղծ ինքնավստահությամբ։ Արտաքին քաղաքականության մեջ ձախողված, արժանիորեն ուրացողի ու դավաճանի պիտակին արժանացած, ողջ ժողովրդի ատելությունը վաստակած սերժական վարչախումբի համար սրանք հոգեվարք ապրողի ջղաձգումներ են։ Համաժողովրդական շարժումն գտնելու է Հայաստանը խուժանապետությունից ազատելու, սահմանադրական կարգը վերականգնելու, բոլոր, այդ թվում նաեւ այս գործով բուն մեղավորներին, նրանց հանցակիցներին ու կամակատարներին պատասխանատվության ենթարկելու միջոցը։

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը