Լրահոս

18.12.2010 14:52


Տեղի ունեցավ «Լուսակն» ամսագրի շնորհանդեսը

Այսօր «Արմատ» ակումբում կայացավ պատմամշակութային «Լուսակն» ամսագրի շնորհանդեսը, որը ներկայացնում էին ամսագրի տնօրեն Ռուզան Սահակյանը և գլխավոր խմբագիր Սահակ Սահակյանը։

-Այն ամենը, ինչ որ հայոց պատմությանը, հայ ժողովրդին վերաբերում է, այս ամսագրում կարող եք գտնել,-ասել է գլխավոր խմբագիր Սահակ Սահակյանը։

 Նա նաև հավելել է, որ ամսագրում հատկապես մեծ ուշադրություն է դարձվելու «Ազգային քնար» խորագրին, որտեղ հանրությանն են ներկայացվելու հայկական ազգային երգերը՝ սկզբնական, մաքուր վիճակում։ Ամսագրի խմբագիրը, լինելով միաժամանակ նաև երգիչ, հայտնեց, որ խիստ մտահոգված է երգի ասպարեզում մեր այսօրվա սերնդի դրսևորած վատ ճաշակով, քանի որ արտասահմանից այստեղ է ներմուծվում ոչ թե բարձրարժեք երաժշտություն, այլ ուրիշ մշակույթների աղբը։ Սակայն նա նաև ավելացրեց, որ մեր երիտասարդները դրանում մեղք չունեն, քանի որ իրենց դա են մատուցել և քարոզել։

Ամսագիրը լույս է տեսնելու եռամսյակը մեկ, իսկ առաջին համարը տպագրվել է սեպտեմբերի 2-ին։ Ամսագրում լուսաբանվելու են միայն պատմամշակութային թեմաներ և զետեղված են լինելու նաև այնպիսի խորագրեր, ինչպիսիք են «Օտար աղբյուրները Հայաստանի մասին», «Խրամատային գեղարվեստ», «Ազգային խոհանոց» և այլն։ Այն տպագրվում է 1000 տպաքանակով և արտահանվելու է նաև Սփյուռք։

Այս խորագրի վերջին նյութերը