Աշխարհ

05.07.2017 11:47


Ռուսաստանը և Թուրքիան ավարտել են Ս-400-ների վաճառքի տեխնիկական աշխատանքները. Թուրքիայի ՊՆ

Ռուսաստանը և Թուրքիան ավարտել են Ս-400-ների վաճառքի տեխնիկական աշխատանքները. Թուրքիայի ՊՆ

Ռուսաստանը և Թուրքիան ավարտել են Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վաճառքի համար տեխնիկական աշխատանքները, սակայն շարունակում են ֆինանսական մեթոդների ուղղությամբ աշխատանքները, որոնք էլ մոտ ապագայում կավարտվեն: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը թուրքական պետական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նախարարը հայտարարել է, որ Ս-400-ի նման խոշոր համակարգեր գնելը շատ մանրամասն քննարկվելու կարիք ունի:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ ի սկզբանե էլ Թուրքիայի համար պարզ է, որ Ս-400 համակարգերը չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգերի մեջ:

«Թուրքիայի համար, իհարկե, առաջին նախապատվությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրած համակարգերը գնելն ու դրանք ՆԱՏՕ-ի համակարգերի մեջ ինտեգրելն էր: Սակայն, ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Եվրոպական երկրները այդ հարցում փոխըմբռնումով չեն մոտեցել Թուրքիային: Մեզ արված առաջարկները շատ հեռու են մրցակցությունից, ավելին՝ չեն ընդգրկում արտադրության տեխնոլոգիաները: Նման մոտեցումը մեզ համար երբեք ընդունելի չէ»,-ասել է Ֆիքրի Ըշըքը:

Ըստ նրա՝ Ս-400-ի գնումը Թուրքիայի համար անհրաժեշտությունից դրդված քայլ է:

Մյուս կողմից էլ Թուրքիան ներկայում իր սեփական ՀՕՊ համակարգը արտադրելու նախագիծն է սկսել: Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ թուրքական տեղական արտադրության ՀՕՊ-ի համար Թուրքիան համագործակցելու է Իտալիայի և Ֆրանսիայի հետ, միևնույն ժամանակ բանակցում են նաև ԱՄՆ-ի հետ:

«Մի կողմից Ս-400-ները կգնենք ռուսներից և սեփական կարիքները կհոգանք, մյուս կողմից էլ սեփական ՀՕՊ համակարգը կարտադրենք: Դրա համար մեծ խումբ ենք ստեղծել, որը համագործակցության հարցում սկզբունքորեն արդեն պայմանավորվել է Ֆրանսիայի և Իտալիայի հետ: Նոր համակարգերի արտադրության հարցում համագործակցելու ենք ֆրանսիացիների և իտալացիների հետ»,-ասել է Ըշըքը:

Նա նաև հայտնել է, որ Ս-400-ի գնումը ՆԱՏՕ-ի դաշնակցության վրա չի ազդի, և այն երկրները, որոնք այդ հարցում ժամանակին փոխըմբռնումով չեն մոտեցել Թուրքիային, իրավունք չունեն քննադատել Թուրքիային: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ նման քննադատությունների դեպքում էլ Թուրքիան անհրաժեշտ պատասխանը տալիս է այդ երկրներին:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Թուրքիային Ս-400-ներ մատակարարելու վերաբերյալ պայմանագիրն արդեն համաձայնեցվել է, սակայն դեռևս որոշված չէ վարկի չափը, որը Ռուսաստանը պետք է տրամադրի Թուրքիային՝ համակարգերի գնման համար:

Հիշեցնենք, որ 2016 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներից Թուրքիան Ս-400 համակարգերի գնման շուրջ սկսել է բանակցել Ռուսաստանի հետ: Սակայն կողմերը դեռևս որևէ պայմանագիր չեն ստորագրել:

Մի քանի տարի է, ինչ Թուրքիան հայտարարել է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի գնման մրցույթ: 2013 թ. այդ մրցույթը շահել էր չինական ընկերություններից մեկը, սակայն ավելի ուշ այդ ընկերության հետ համաձայնությունները չեղյալ հայտարարվեցին:

Իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, չէին համաձայնում Թուրքիային վաճառել իրենց ՀՕՊ համակարգերը, քանի որ թուրքական կողմը նրանցից ցանկանում էր ստանալ համակարգերի արտադրության տեխնոլոգիաներ:

Այս խորագրի վերջին նյութերը