Լրահոս

28.07.2017 21:14


Ինչպես ամռանը հանգիստը ճիշտ կազմակերպել բնության գրկում

Ինչպես ամռանը հանգիստը ճիշտ կազմակերպել բնության գրկում

Ամռանը հաճելի է շաբաթվա ավարտն անցկացնել բնության գրկում: Սակայն երբեմն այն կարող է ավարտվել առողջության հետ կապված խնդիրներով, ինչը կխափանի հանգիստը:

Նման իրավիճակներից խուսափելու և հանգիստը լիարժեք վայելելու համար պետք է հետևել մի քանի պարզ կանոնի: Բնության գրկում հանգստանալիս նախ անհրաժեշտ է պաշտպանվել միջատներից, քանի որ դրանք կարող են վարակիչ հիվանդություններ տարածել։ Միջատներից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում բնության գրկում օգտագործել միջատներին վանող նյութեր և կրել բաց գույնի երկարաթև հագուստ։

Բացի այդ, խորհուրդ է տրվում.

1. շուտ փչացող մթերքը տեղափոխել և պահել սառնարան-պայուսակներում

2. չգնել անհայտ ծագման միս-մսամթերք և այլ շուտ փչացող մթերք` այն վայրերից, որոնք նախատեսված չեն առևտրի համար և չունեն համապատասխան ուղեկցող փաստաթուղթ

3. խորհուրդ չի տրվում վերցնել կաթնամթերք, ապխտած մթերք, ձու և կրեմային հրուշակեղեն, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար

4. խմելու համար օգտագործել շշալցված ջուր

5. կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն)

6. սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հիվանդածին մանրէների փոխանցողներ են: Սնունդը անպայման պահել լավ փակվող տարաներում կամ փաթեթավորել պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով

7. խորովածի համար օգտագործել պատրաստի փայտածուխ, սննդի համար՝ միանվագ օգտագործման ափսեներ և այլ պարագաներ

8. սնունդը, խորովածը պատրաստել անմիջապես ուտելուց առաջ: Պետք է հիշել, որ մանղալի վրա պատրաստված միսը ոչ միշտ է դառնում անվտանգ օգտագործման համար: Միսը համարվում է եփված, եթե կտրելիս չի հոսում արյունային հեղուկ: Խորովածի մսի պատրաստման ժամանակ առատորեն օգտագործել համեմունքներ՝ կարմիր և սև պղպեղ, մանանեխ, քրքում, ուրց և այլն, քանի որ դրանք օժտված են ախտահանող հատկություններով

9. պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերը լվանալ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ՝ ցանկալի է օճառով: Ձեռքերը, սպասքը, միրգն ու բանջարեղենը լվանալ խմելու համար նախատեսված կամ շշալցված ջրով

10. չօգտվել ջրի պատահական աղբուրներից:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը