Լրահոս

02.08.2017 17:08


Շամիրամում տեղի ունեցած սպանությունների պատճառը 100,000 դոլարն է եղել․ Ազիզ Թամոյան

Շամիրամում տեղի ունեցած սպանությունների պատճառը 100,000 դոլարն է եղել․ Ազիզ Թամոյան

Շամիրամ համայնքում օգոստոսի 1-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի պատճառը 100,000 դոլարն է եղել՝ «Ազատության» հետ զրուցում այսօր հայտարարեց Եզդիների միության նախագահը։ Ազիզ Թամոյանն այսօր այցելել էր Շամիրամ, հանդիպել եզդիական համայնքի ղեկավարներին ու պարզել, որ սպանության մեջ կասկածվող Թելման Քալաշյանը եկել էր պահանջելու վաղեմի պարտքը։

«Նույնիսկ այդ տղան, որ ավտոմատը ձեռքին է եղել, կրակել է, իրենց առաջարկել է, որ՝ եթե իմ գումարը տաք, ես ձեզ չեմ խփելու»,-պատմեց Եզդիների միության նախագահը:

Կրակողն ու սպանվածներից 3-ը ունեցել են բարեկամական ու խնամիական կապեր՝ ասում է Թամոյանը։ Եզդիների միության նախագահի խոսքով՝ պարտքի հարցը կարելի էր լուծել նույն սեղանի շուրջ նստելով, խոսելով, որ գործը սպանության չհասներ։

Սպանությունից հետո որոշ լրատվամիջոցներ գրեցին ընտանիքների միջև գոյություն ունեցող վենդետայի մասին: Այս առնչությամբ Ազիզ Թամոյանը մեկնաբանեց․ «Այդ մասին խոսում են, բայց մեր պապերն ասում են՝ ժողովրդի բերանը չվան է, այսինքն տարբեր բաներ խոսում են: Այդ Թելմանը, որը կրակել է, հորը ես շատ մոտիկից ճանաչում եմ՝ բարի, լավ մարդ է, մի հոյակապ անձնավորություն է: Թե այդ տղան ինչի համար է, թե ոնց է այդ քայլին դիմել՝ ինձ համար զարմանալի է»:

4 մարդու սպանության և 7-ին վիրավորելու մեջ կասկածվող Թելման Քալաշյանը դեռ փնտրվում է ոստիկանության կողմից։ Նա ծնունդով Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է, համայնքում վերջին անգամ Քալաշյանին տեսել են երեկ առավոտյան, իսկ դրանից հետո նրա մասին այլևս լուրեր չունեն։ «Ազատության» հետ զրույցում Մյասնիկյանի գյուղապետ Տիգրան Բաղդասարյանը նշեց, որ 50-ամյա Քալաշյանը մինչև այդ զբաղվել է անասնապահությամբ և նախկինում ագրեսիվ վարքով աչքի չի ընկել։

«Սովորական, աշխատող մարդ, անասնապահությամբ էին զբաղվում: Կին ունի, երեք աղջիկ և մեկ տղա», - պատմեց գյուղապետը:

Ըստ գյուղապետի՝ թեև Քալաշյանի ընտանիքն ու հարազատները սարերում են, բայց երեկվանից նրանց տների առջև հերթապահում են ոստիկանները։

Այս խորագրի վերջին նյութերը