Աշխարհ

08.11.2017 18:31


Վանում պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում (լուսանկար)

Վանում պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում (լուսանկար)

Վանի Գևաշ (պատմ. Ոստան-EH) շրջանի Ալթընսաչ գյուղում գտնվող հայկական Սբ. Թովմաս կիսավեր եկեղեցին այժմ օգտագործվում է որպես ախոռ:

Վանա լճի ափից ոչ հեռու 400 մետրանոց բարձունքի վրա 10 կամ 11-րդ դարում կառուցված եկեղեցում ամփոփված են եղել Թովմաս առաքյալի մասունքները: Եկեղեցին 1671 թվականի վերանորոգումից հետո վերածվել է վանական համալիրի: Պատերին գանձ որոնողների բացած անցքերի ու շինությանը հասցրած վնասների հետևանքով լքված եկեղեցին այժմ կանգնած է փլուզման վտանգի առջև:

Սբ. Թովմաս այցելած թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի հետազոտող-լրագրող Իքրամ Իշլերը, կիսվելով իր տպավորությունների մասին՝ գրում է.

«Մի ժամանակ այստեղ հավատք կար: Քրիստոսի առաքյալները կային: Հնչում էր հոգևոր երաժշտություն ու պատարագներ էին մատուցվում: Սակայն եկել է այն օրը, որը եկեղեցին որպես ախոռ են օգտագործում»:

Մի քանի տարի առաջ Վանի զբոսաշրջության վարչությունը եկեղեցին հայտարարել է զբոսաշրջային գոտի՝ կոչ անելով այցելություններ կազմակերպել այնտեղ: Հակադարձելով պատկան մարմինների անհետևողականությանը՝ Իշլերը գրում է, որ եկեղեցի այցելելիս զբոսաշրջիկը ախոռ է տեսնելու ու հիասթափություն է ապրելու:

Լրագրողի խոսքով, Վանի մշակույթի վարչությունը դեպի եկեղեցի բարձրացող ճանապարհ է կառուցել, սակայն այն իր նպատակին չի ծառայում, քանի որ ասֆալտի բացակայության պատճառով ցեխ է առաջանում՝ ճանապարհն անանցանելի դարձնելով մեքենաների համար:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը