Կարծիք

29.01.2010 17:30


Կրասնոդարի մալոլետկաները, օրվա գիշերային ժամերը, ԿՀՎ-ն և հոգեխանգարմունքը

Կրասնոդարի մալոլետկաները, օրվա գիշերային ժամերը, ԿՀՎ-ն և հոգեխանգարմունքը

Ինչպես հիշում եք, 2008-ի մարտին մեր Գլխավոր դատախազության ներկայացուցիչները պնդում էին, որ փորձագիտական կարծիք կա, թե Ազատություն, Հայրենիք, Հաղթանակ կարգախոսները նյարդալեզվաբանական զենք են հանդիսանում, ինչը կոդավորում է մարդկանց վարկը: Իհարկե բոլորս այն ժամանակ բոլ-բոլ զվարճացանք հերթական (թեև աննախադեպ նույնիսկ հայկական պայմաններում) բլթոցի վրա: Անկեղծ ասած՝ այն ժամանակ էլ մոտս կասկած ընկավ, որ սա ոչ այնքան տեղական արտադրանք է, քանի որ ամեն դեպքում, ինչքան էլ որևէ հայ անձամբ ապուշ լինի, բայց հայրենիք, ազատություն և հաղթանակ բառերի համադրությունը հազիվ թե նրա մոտ ասոցիացվի ինչ-որ բացասական բանի հետ: Այստեղ հատուկ մտածողության տիպ է պետք, որը նախ պետք է տառապի պարտվածի հոգեբանական բարդույթով, երկրորդը պետք է իր պարտությունը կապի ազգային և ազատական գաղափարների հետ: Ես այն ժամանակ ենթադրեցի, որ այս հայտարարության հետքը Ռուսաստանից է գալիս, բայց քանի որ կոնկրետ փաստարկներ չունեի, այն ժամանակ չհրապարակայնացրի: Հետո՝ արդեն կոնկրետ Նիկոլի դատավարության ժամանակ, խոսք գնաց նրա խոսքերը լեզվաբանական փորձագիտության ենթարկելու և դրա համար ռուս փորձագետներին դիմելու մասին: Կասկածներս կարծես ավելի հաստատվեցին, բայց, միևնույնն է, մնում էին անուղղակի: Եվ ահա արդեն այս տարի տեղի ունեցած թարմ դեպքերը գալիս են ինձ համոզելու, որ սկզբնական կասկածս իրոք գոյության իրավունք ունի: Պարզվում է՝ Ռուսաստանում եզակի չեն սկանդալները՝ կապված դատական լեզվափորձագիտության հետ: Բացի այդ, երբ խորանում ես այդ դեպքերի մեջ, չես կարող չնկատել, որ դրանք «լուզերական» գաղափարախոսության հստակ ենթատեքստ ունեն:

Նախ համառոտ պատմեմ մի երկու դեպքի մասին: Այս տարվա հունվարի 17-ին ինտերնետում (http://g-sarkisyan.livejournal.com/50051.html) հայտնվեցին ռուսական Օրյոլ քաղաքի բնակիչ և արգելված նացիոնալ-բոլշևիկյան կուսակցության անդամ Միխայիլ Դեևի դատական գործի հետ կապված լեզվական դատական փորձագիտության տվյալները (ի դեպ, փակագծերում նշեմ, որ չնայած նացիոնալ-բոլշևիկներն այսօր արգելված կազմակերպություն են, իրականում նրանց գաղափարախոսության բազմաթիվ տարրեր յուրացվել են ռուսական իշխանության կողմից 2000-ականների սկզբին, այդ թվում նախկին նացբոլ Ա. Դուգինի միջոցով): Դեևի մոտ հայտնաբերվել էին թռուցիկներ՝ «Долой самодержавие и престолонаследие!» («Կորչե՛ն ինքնակալությունն ու գահաժառանգությունը») կարգախոսով: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ 20-րդ դարասկզբի ռուսական հեղափոխությունների ծանոթ այս կարգախոսը ներկա ռուս ընդդիմադիրների կողմից օգտագործվում է որպես թափանցիկ ակնարկ ներայիս ռուսաստանյան կարգերը բնորոշելու համար: Բայց մյուս կողմից էլ պարզ է, որ որպեսզի այդ կարգախոսը դատական կարգով ճանաչվի որպես ներկայիս իշխանությունը տապալելու փորձ, պետք է նախ համաձայնվել, որ իշխանությունն ինքնակալական է: Մի խոսքով, խեղճ փորձագետները, որոնց, ըստ երևույթին, պատվիրված էր ամեն գնով «գիտականորեն» հիմնավորել նացբոլի ծայրահեղականությունը, բավական նուրբ վիճակի մեջ էին հայտնվել: Եվ նուրբ իրավիճակից նրանք գտել են միանգամայն «նրբին» ելք: Նրանց եզրակացությունն իրոք անզուգական է՝ «Եթե «ինքնակալություն և գահաժառանգություն» արտահայտությունը դիտարկենք որպես պետական իշխանության հոմանիշ, ապա տվյալ պայքարն ուղղված է ներկայիս պետական իշխանության տապալմանը» («Если выражение «самодержавие и престолонаследие» рассматривать как синоним государственной власти, то данная борьба направлена на свержение существующей государственной власти».):

Համաձայնենք, որ այս նրբագեղ «եթե»-ն հոյակապ է: Օրինակ՝ «եթե» ընդունենք, որ Երևանի խանություն արտահայտությունը պետական իշխանության հոմանիշ է, ապա «Կորչի՛ Երևանի արյունոտ խանը» կարգախոսը կարող է դիտարկվել որպես ՀՀ նախագահին ուղղված անեծք: Իսկ «եթե» ես ծնվեի 1921-ին, ապա 1941-ին կզորակոչվեի սովետական բանակ ու կզոհվեի կամ գերի կընկնեի Սմոլենսկի մոտ: Ի դեպ, փորձագիտության հեղինակներին դուր չի եկել նաև Դեևի կոչը՝ անդամագրվել իրենց կուսակցություն, որը նա բնորոշել է որպես «Ռուսաստանի ազատ մարդկանց» կազմակերպություն:

«Ստացվում է, որ մյուսներն ազատ չեն»,-վրդովվում են հարգելի լեզվաբանները և երեք հատ բացականչական նշան դնում: Ինչևէ, մանրամասնություններին կարող եք ծանոթանալ ռուսական կայքերում և բլոգներում, իսկ մենք շարժվենք առաջ:

Պրպտելով ինտերնետը՝ պարզեցի, որ այս դեպքն առաջինն ու եզակի նմուշը չէ մեր ռազմավարական դաշնակցի անծայրածիր տարածքում: Լեզվական փորձագիտության մի քանի հուզիչ նմուշներից աչքի է ընկնում մանավանդ մեկը, որը տեղի է ունեցել Կրասնոդարի մարզում: Այս անգամ փորձագիտության զոհ է դարձել ոչ ավել, ոչ պակաս՝ հայտնի ռուս գրող Մաքսիմ Գորկին, ավելի շուտ՝ նրա «Քաղքենիները» պիեսի հերոսներից մեքենավար Նիլը, որն անզգուշություն է ունեցել արտասանել «իրավունքները չեն տալիս, իրավունքները վերցնում են» արտահայտությունը: Մի փոքր ձևափոխված՝ «ազատությունը չեն տալիս, այն վերցնում են» ձևով մեջբերումն օգտագործել են Նովոռոսիյսկի իրավապաշտպանները, ինչն էլ նյութ է դարձել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Կուբանի պետհամալսարանի Գելենջիկի մասնաճյուղի դոցենտ Ռիբնիկովի դատալեզվափորձագիտական պրպտումների և հույժ խրատաշատ մտորումների համար: Այս գործի նախապատմությունը հետաքրքիր է այնքանով, որ քաղաքական որևէ ասպեկտ չունի, կարելի է ասել՝ զուտ կենցաղային է: Խնդիրն այն է, որ Կրասնոդարի մարզի օրենսդրությունը 18 տարին չլրացած անձանց արգելում է ժամը 22-ից հետո դուրս գալ փողոց: Այս օրենքի դեմ անցյալ տարի բողոքի գործողություն են կազմակերպել մարզի իրավապաշտպանները: Նրանցից մեկն էլ օգտագործել է հիշյալ կարգախոսը: Դատական գործ է բացվում ծայրահեղականության մեղադրանքով Նովոռոսիյսկի մարդու իրավունքների կոմիտեի դեմ: Մեղադրական կողմի գլխավոր փաստարկն էլ հանդիսանում է լեզվագիտական-փիլիսոփայական փորձագիտությունը: Տեսնենք, թե ինչ է ասում այդ եզակի փաստաթղթում գելենջիկցի փիլիսոփան: Փաստաթուղթն արժե կարդալ ամբողջությամբ (http://users.livejournal.com/_falkon_/409011.html): Իսկ ես սահմանափակվեմ առանձին մեջբերումներով: «Ազատությունը չեն տալիս, այն վերցնում են» կարգախոսը մեծարգո փորձագետը հենց սկզբից համարում է «սխալ և վնասակար», որից հետո տալիս է իր պնդման հիմնավորումը հինգ կետով: Մեջբերելով Սպինոզային, Սարտրին (խե՜ղճ Սարտր, լավ է՝ մեռավ, չիմացավ)՝ Ռիբնիկովը եզրահանգում է. «Եթե ազատությունը չի վերահսկվում իրավական մեխանիզմների, այդ թվում՝ Կրասնոդարի Օրենսդրական ժողովի կողմից, ապա այն ... կարող է վերածվել երիտասարդական անիշխանության և ամենաթողության»: Ինքնին այնքան էլ սխալ պնդում չէ, բայց ուշադրություն դարձրեք հենց «երիտասարդական» բառի օգտագործման վրա: Չվախենամ ասել, որ այստեղից արդեն երևում է փորձագետի եզրակացությունների ենթատեքստը՝ վախը, այսպես կոչված, «նարնջագույն հեղափոխություններից», որի կրողը, ըստ Ռուսաստանում տարածված թրիլլերների, հենց երիտասարդությունն է: Բայց չմանրանանք, այլ հետևենք մեր նորահայտ Սարտրի մտքի հետագա թռիչքին: Հիշելով Հեգելին, որն ասում էր, թե ազատությունը կապված է պատասխանատվության և սահմանափակումների հետ՝ Ռիբնիկովը հանգում է այն մտքին, որ «դա արտացոլված է ներկայիս օրենսդրության մեջ, և ակնհայտ է, որ փողոցներում երեխաների ժամանակն անցկացնելու սահմանափակումը, դա ... բնականաբար, մատաղ սերնդի մոտ իրավական գիտակցություն դաստիարակել պարտավոր է հասարակության իրավունքների պահպանումն է» (նախադասության անկապ կառուցվածքը՝ անհասկանալի «բնականաբար»-ով, բնագրինն է, ոչ թե թարգմանությունն է թերի): Այսքանից հետո փորձագետի մոտ ծագում են հարցեր՝ «Ո՞վ և ինչո՞ւ է ուզում վերցնել ազատությունը», «Ումի՞ց և ինչո՞ւ է անհրաժեշտ այն վերցնել», և երևի ամենալավ հարցադրումը՝ «Ո՞ւմ և ի՞նչ նպատակներով է պետք եկել «հավելյալ» ազատությունը»: Ինչպես տեսնում ենք, Ռիբնիկովի վիճակը գնալով վատանում է: Իր հարցերը ժամանակավորապես անպատասխան թողնելով՝ նա պնդում է, որ միայն Սահմանադրական դատարանը կարող է սահմանել անձի համար անհրաժեշտ ազատության չափը: Հետևաբար, մինչև չկա ՍԴ որոշում, ոչ ոք իրավունք չունի պահանջել հավելյալ ազատություն: Ինչ վերաբերում է կոնկրետ Կրասնոդարի մարզին, ապա «Ազատությունը, ըստ Կրասնոդարի օրենսդիրների, նախատեսում է վարքի ժամանակային որոշակի մասշտաբ (?!), երեխաների՝ փողոցում գտնվելու ժամանակային շրջանակ»: Ավելին՝ «չհասկանալով (թե չուզենալով հասկանալ) ազատության խնդրի կարևորությունը հենց երիտասարդության համար՝ Կորոստիլևը (մեղադրյալ իրավապաշտպանը - Հ. Տ-Ա.) անջատում է այն օրվա գիշերային ժամի հետ ուղղակիորեն կապված խնդիրներից»: Սովետական վատագույն անհոդաբաշխությանը վերածվող այս փորձագիտությունը, ըստ երևույթին, չէր կարող չվերածվել բացարձակ մարազմի՝ Կրասնոդարի երեխաների գիշերային կյանքի խնդիրը չվերածելով համաշխարհային տրամաչափի «գեոպոլիտիկ» խնդրի: Ինչպես փաստաթղթի սկզբում նշում է հեղինակը, նա իր գործը կատարել է՝ հիմք ունենալով «տրամաբանական վերլուծությունը, փիլիսոփայական եզրակացությունները և ստորոգությունները (կատեգորիաները), ինչպես նաև ԱՄՆ ԿՀՎ պատմական գործունեության վկայությունները»: Տեքստի ավարտին մոտ ի հայտ են գալիս նաև այդ «վկայությունները»: Ոչ ավել, ոչ պակաս Ռիբնիկովը հիշում է 1948-ի «Դալեսի պլան» կոչվածը (կասկածելի ծագման մի «փաստաթուղթ», որն ամերիկացիներին վերագրում է ԽՍՀՄ-ը փլուզելու նպատակ սովետական քաղաքացիների ուղեղները լվանալու միջոցով: Որոշ մանրամասներ կարող եք նայել այստեղ՝ http://en.wikipedia.org/wiki/Dulles%27_Plan):

«Ո՞ւմ է ձեռնտու, որպեսզի Ռուսաստանում լինի այլասերված և անվերահսկելի երիտասարդությունը,-հարցնում է ինքն իրեն փորձագետը,-բնականաբար, ԱՄՆ-ին»,-հետևում է տրամաբանական պատասխանը: Ռիբնիկովը համարում է, որ Դալեսի պլանը դեռ վերջնականապես իրականացված չէ: Ճիշտ է, ԽՍՀՄ-ը փլուզված է, բայց «կա դեռ երիտասարդությունը»: «ԱՄՆ-ի շահերից է բխում, որ ռուսաստանյան երիտասարդությունը, «ընտրելով փեփսին», մոռանա իր ծնողների, բարոյականության և Հայրենիքի ճակատագրի նկատմամբ պատասխանատվության մասին»: Ահա այսպիսի պատմություն: Մեկնաբանությունները կարծես թե ավելորդ են, մանավանդ որ նյութս բավական երկարեց: Կարծում եմ՝ ակնհայտ է այն գաղափարախոսությունը, որը թաքնված է նման փորձագիտությունների թիկունքում: Ակնհայտ է նաև, թե ինչ աղբյուրներից են ազդվում մեր տեղական իմաստունները: Իսկ ներկայացված երևույթի տարբեր առումների վերլուծությունը, կարծում եմ, դեռ պատեհ առիթ կունենամ ներկայացնելու:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը