Աշխարհ

19.12.2017 11:47


ԱՄՆ-ը վետո կիրառեց Երուսաղեմի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ (տեսանյութ)

ԱՄՆ-ը վետո կիրառեց Երուսաղեմի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ (տեսանյութ)

ԱՄՆ-ը երկուշաբթի օրը վետոյի ենթարկեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձեւը, որը նպատակ ուներ մերժել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։

Բանաձեւի տեքստում ասված էր, որ Անվտանգության խորհուրդը «մեծ ափսոսանք» է հայտնում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գործընթաց սկսելու Թրամփի հայտարարության կապակցությամբ։

Բանաձեւի նախագծում ասված էր, որ Սուրբ քաղաք Երուսաղեմի բնույթը, կարգավիճակը կամ ժողովրդագրական բաղադրությունը փոփոխության ենթարկելու որեւէ որոշում կամ գործողություն չի կարող ունենալ իրավական հիմք։

Անվտանգության խորհրդի մյուս 14 անդամ պետությունները քվեարկել են Եգիպտոսի կողմից առաջարկված բանաձեւի օգտին։

Քվեարկությունից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է․ «Նրան, ինչին ականատես եղանք այսօր, վիրավորանք է ու չի մոռացվելու։ Սա եւս մեկ օրինակ է այն բանի, որ ՄԱԿ-ն իսրայելապաղեստինյան հակամարտությունը հարթելու գործընթացին ավելի շատ վնաս է հասցնում, քան օգնում է կարգավորել այն»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Երուսաղեմի մասին արտասանած իր ելույթում, Թրամփն ասել էր, թե ինքը պարզապես «ճանաչում է իրականությունը», որ Երուսաղեմը ոչ միայն հրեա ժողովրդի պատմական մայրաքաղաքն է, այլ նաեւ՝ «մեր օրերի Իսրայելի մայրաքաղաքը»։

Եվրոպական միությունն ավելի վաղ կրկնել էր իր այն դիրքորոշումը, որ իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ հակասությունները լուծելու իրատեսական լուծումը երկու պետություն սկզբունքով խնդրի լուծումն է, երբ Երուսաղեմը հայտարարվում է որպես երկու կողմերի մայրաքաղաք։

Որպես բողոք ընդդեմ ԱՄՆ-ի դիրքորոշման, պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբասն ասել է, թե խաղաղության գործընթացում պաղեստինյան կողմն այլեւս չի ընդունի ԱՄՆ-ի մասնակցությունը։

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը