Աշխարհ

02.01.2018 12:54


«ԱՄՆ-ը Պակիստանին հիմարաբար է հատկացրել 33 միլիարդ դոլար». Թրամփ

«ԱՄՆ-ը Պակիստանին հիմարաբար է հատկացրել 33 միլիարդ դոլար». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նորից մեղադրել է Պակիստանին՝ իր տարածքում ահաբեկիչներին ապաստան տալու մեջ։

Թվիթերյան իր էջում Թրամփը գրում է. «Միացյալ Նահանգները Պակիստանին անցած 15 տարիների ընթացքում որպես մարդասիրական օգնություն հիմարաբար հատկացրել է 33 միլիարդ դոլար։ Փոխարենը, նրանք մեզ փոխհատուցել են միայն ստով ու խաբեությամբ՝ մեր երկրի ղեկավարներին համարելով հիմարներ։ Նրանք ապաստան են հատկացնում ահաբեկիչներին, որոնց մենք հետապնդում, ու որոնց դեմ պայքարում ենք Աֆղանստանում»։

Վաշինգտոնն արդեն երկար ժամանակ է մեղադրում Իսլամաբադին՝ Աֆղանստանի թալիբներին եւ Հաքքանիի ցանցի անդամներին գաղտնի կերպով աջակցելու մեջ, որոնք սահմանի հակառակ կողմից հարձակումներ են իրականացնում ընդդեմ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող զինված ուժերի։

Թրամփի հայտարարությունից պարզ չի դառնում սակայն, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվում է դադարեցնել ֆինանսական աջակցությունը Պակիստանին։

Անցյալ տարվա օգոստոս ամսին Վաշինգտոնը հայտարարել էր, որ կասեցնելու է ռազմական նպատակներով Պակիստանի համար նախատեսված 225 միլիոն դոլարի հատկացումները, քանի դեռ այս երկիրը պայքար չի ծավալում ընդդեմ ահաբեկիչների։

Պակիստանի արտաքին գործերի նախարար Խավաջա Ասիֆը տեղական հեռուստաընկերություններից մեկի միջոցով հայտարարել է. «Մենք արդեն ասել ենք ԱՄՆ-ին, որ սրանից ավելին չենք անելու։ Այնպես որ, Թրամփի հայտարարությունն այլեւս չունի կարեւորություն»։

Իսլամաբադը շարունակում է հերքել ԱՄՆ-ի մեղադրանքները։

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը