Աշխարհ

05.01.2018 21:41


Էրդողան. Թուրք-ամերիկյան իրավական համաձայնագրերը ուժը կորցրած են

Էրդողան. Թուրք-ամերիկյան իրավական համաձայնագրերը ուժը կորցրած են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կնքված երկկողմ համաձայնագրերը կորցնում են իրենց իրավական ուժը:

Նա Միացյալ Նահանգներին քննադատել է թուրքական պետական «Հալքբանկ»-ի ղեկավարներից մեկի՝ Մեհմեդ Աթթիլայի դեմ հարուցված գործի համար:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ի դաշնային դատարաններից մեկը «Հալքբանկ»-ի ղեկավարին չորեքշաբթի օրը մեղավոր ճանաչեց Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները խախտելու համար: Էրդողանը քննադատել է վճիռն՝ այն որակելով քաղաքական:

«Անգամ այս որոշումը լի է հակասություններով: Մի կողմից նրանք ասում են, որ փողերի լվացում տեղի չի ունեցել, մյուս կողմից գործը քննում են այդ մեղադրանքի ներքո: Ավելին, այն որևէ կերպ չի առնչվում «Հալքբանկ»-ի հետ»,- ասում է Թուրքիայի նախագահը:

Աթիլայի նկատմամբ գործը հարուցվել է Իրանի քաղաքացի, ազգությամբ թուրք մեծահարուստ, ոսկու առևտրական Ռեզա Զարաբիի վկայության հիման վրա: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել Իրանի դեմ պատժամիջոցների շրջանցման հարցում:

Թուրքիան իր հերթին գործը համարում է շինծու ու մեղադրում ամերիկյան դատական համակարգի ներկայացուցիչներին թուրք վտարանդի հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:

«Միացյալ Նահանգները վերապրում է դավադրությունների մի շրջան, և դրանք ոչ միայն քաղաքական են, այլև տնտեսական»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Հասան Ռոհանիի հետ, ով հավաստիացրել է, որ իրավիճակն Իրանում արդեն կայունանում է և վերջնականապես կհանդարտվի մոտակա օրերին:

Թուրքիայի նախագահի մեղադրանքների նկատմամբ Միացյալ Նահանգները դեռեւս հանդես չի եկել մեկնաբանությամբ։

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը