Աշխարհ

24.01.2018 11:01


Թուրքիայում Աֆրինի գործողությունների մասին հրապարակումներ կատարողները ձերբակալվել են

Թուրքիայում Աֆրինի գործողությունների մասին հրապարակումներ կատարողները ձերբակալվել են

Թուրքիայի Անկարա, Իզմիր, Մուղլա, Դենիզլի և Կայսերի քաղաքներում բազմաթիվ ձերբակալություններ են կատարվել՝ սոցցանցերում Աֆրինի ռազմական գործողությունների վերաբերյալ հրապարակումներ կատարելու մեղադրանքով։ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ձերբակալվածների թվում կան քաղաքական գործիչներ, արվեստագետներ, իրավապաշտպաններ և լրագրողներ։

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության հետաքննություն է սկսել՝ սոցիալական ցանցերի միջոցով «ժողովրդի մեջ քեն և թշնամանք հրահրելու», «ահաբեկչական խմբավորումների պրոպագանդա անելու, սադրիչ գործողությունների կոչ անելու» մեղադրանքով։

Իրենց տներում ձերբակալվածների թվում են «Մարդու իրավունքների միության» (İHD) Անկարայի ղեկավար և Կալանավայրերի հանձնաժողովի անդամ Նուրայ Չեվիրմենը, նույն միության անդամ Ադնան Վուրալը, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ Քեմալ Բյուլբյուլը, ԺԴԿ-ի ԱՆկարայի նահանգային կառույցի ղեկավար Օսման Քոնուքչուն, ԺԴԿ-ի Անկարայի նահանգային կառույցի ղեկավար Զեյնո Բայրամօղլուն և քույրը՝ ԺԴԿ-ի Չանքայայի շրջանային կառույցի ղեկավար Ասլը Բայրամօղլուն, ԺԴԿ-ի Իզմիրի նահանգային կառույցի ղեկավար Չերքեզ Այդեմիրը, ԺԴԿ-ի Մուղլայի նահանգային ղեկավար Ֆաթոշ Ա․-ն, «Մեզոպոտամյա» գործակալության թղթակից Հայրի Դեմիրը, «Artı TV»-ի Անկարայի ներկայացուցիչ Սիբել Հյուրթաշը և ռեժիսյոր Ֆաթին Քանաթը։

Տարբեր նահանգներում և մարզերում անցկացված գործողությունների արդյունքում ձերբակալվածների թիվը հասել է մի քանի տասնյակի։

Նահանգապետարանի որոշմամբ Աֆրինի ռազմական գործողությունների ողջ ընթացքում առանց հատուկ թույլտվության Անկարայում բաց և փակ տարածքներում հավաքներ, մամուլի ասուլիսներ, հացադուլներ, նստացույցեր, համերգներ, տոներ ու միջոցառումներ և նմանատիպ այլ միջոցառումներ կազմակերպելը արգելվել է։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը