Աշխարհ

31.01.2018 20:53


Հալեպի մոտակայքում պայթել է թուրքական զինվորական շարասյան երկու մեքենա

Հալեպի մոտակայքում պայթել է թուրքական զինվորական շարասյան երկու մեքենա

Հունվարի 30-ի երեկոյան ուշ ժամերին Իդլիբում հարձակվել են թուրքական զինվորական ավտոշարասյան վրա. սպանվել է մեկ քաղծառայող, ևս մեկ քաղծառայող և զինվորական վիրավորվել են: Պայթեցվել է թուրքական շարասյան առնվան երկու բեռնատար մեքենա: Այս մասին հայտնում էթուրքական «Սյոզջու» պարբերականի կայքը՝ փոխանցելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կողմից հաստատված տեղեկությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ թուրքական ավտոշարասյան վրա հարձակվել են պայթուցիկով բեռնված մեքենայով: Առայժմ հայտնի չէ, թե հարձակումն ով է նախաձեռնել:

Ըստ թուրքական «Բիրգյուն» պարբերականի կայքի՝ ավտոշարասյունը շարժվում էր Հալեպի ուղղությամբ: Բացի այդ նաև նշվում է, որ պատասխանատվությունը ստանձնել են Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG):

Թուրքական զինուժն Իդլիբում տեղակայվել է 2017 թ. հոկտեմբերից սկսած՝ Ռուսաստանի և Իրանի հետ Աստանայում ձեռքբերած համաձայնության շրջանակներում: Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների առաքելությունը պետք է լիներ Իդլիբում հրադադարի պահպանման ռեժիմին հետևելը:

Սակայն գործընթացները ցույց են տալիս, որ թուրքական կողմի հիմնական թիրախն Աֆրինը՝ Սիրիայի քրդերի երեք կանտոններից մեկը, հարավից փակելն էր: Դա կարող եք տեսնել նաև ստորև բերված քարտեզում: Թուրքերը Իդլիբում տեղակայված են Դար Թա Իզաահ կոչվող հատվածում:

Հիշեցնենք, որ արդեն 2018 թ. հունվարի 20-ից Թուրքիան ռազմագործողություն է սկսել Աֆրինում տեղակայված քրդական ուժերի դեմ: Թեև առայժմ թուրքական զինուժը և հավատարիմ զինյալները հիմնականում շարժվում են թուրք-սիրիական սահմանից և հենց Սիրիայի ներսի Ազազ շրջանից՝ սակայն թուրքական զինուժի շարժ նկատվում է նաև Իդլիբի կողմից: Չի բացառվում, որ Թուրքիան պատրաստվում է այդ կողմով ևս մեկ ճակատ բացել: Դրա մասին խոսում են նաև ավտոշարասյուների ակտիվ տեղաշարժերը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը