Աշխարհ

12.02.2018 16:03


Պոլսում բողոքում են Աթեշյանի դեմ

Պոլսում բողոքում են Աթեշյանի դեմ

Ստամբուլում փետրվարի 11-ին Բուն Բարեկենդանի տոնին անցկացվող պատարագի ժամանակ բողոքել են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ:

Բողոքի համար պատճառ էր դարձել փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի որոշումը: Ժողովը, տեղի տալով պետության պահանջներին, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին վերականգնել էր պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

Աթեշյանի դեմ բողոքը տեղի է ունեցել Ֆերիքյոյ թաղամասում գտնվող հայկական եկեղեցում, որտեղ անցակցվող պատարագին ներկա է եղել նաև Աթեշյանը: Պատարագին մասնակցող Բեսսե Քաբաքը որպես բողոքի նշան վեր էր բարձրացրել Աստվածաշունչը և սկսել էր երգել «Տեր, որողորմյա» շարականը:

Քաբաքին եկեղեցուց դուրս են հրավիրել, իսկ եկեղեցու դռների մոտ կանգնած ոստիկանները նրան տարել են Ֆերիքյոյի ոստիկանական տեղամաս, որտեղ մեկ ժամ պահելուց և արձանագրություն կազմելուց հետո բաց են թողել:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը նամակ էր ուղարկել պատրիարքարան: Նամակում նշվում էր, որ պետությունը 2017 մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները անվավեր է համարում, իսկ պատրիարքության ղեկավար է ճանաչում Արամ Աթեշյանին, որին
Նախարարների խորհուրդը 2010 թվականին պատրիարքի փոխանորդի լիազորություններ էր տվել: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Նշենք, որ պատրիարքն անբուժելի հիվանդության պատճառով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Այդ մասին վկայում են նաև բժիշկական եզրակացությունները և դատարանի որոշումը, որով նա անգործունյա է ճանաչվել, իսկ մայրը նշանակվել է խնամակալ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը