Կարծիք

26.02.2018 13:34


Ի՞նչ պետք է անենք, որ ղարաբաղյան շարժման 40-ամյակը Երևանում նշենք մենք, այլ ոչ թե՝ Իլհամ Ալիևը

Ի՞նչ պետք է անենք, որ ղարաբաղյան շարժման 40-ամյակը Երևանում նշենք մենք, այլ ոչ թե՝ Իլհամ Ալիևը

Այս օրերին Հայաստանում նշում էին ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Գրվեցին գեղեցիկ հոդվածներ, միջոցառումներ կազմակերպվեցին և, նույնիսկ, օպերայի հրապարակում մարդ հավաքվեց՝ հիշելու 30-ամյա իրադարձությունները: Սակայն լայն հասարակության համար այս ամենը համազգային տոն չդարձավ: Հոբելյանական օրեր էին, նշվեցին գնացին: Մինչդեռ, հիշեցնենք, որ այս շարժումը ԽՍՀՄ-ում առաջին խոշոր զանգվածային շարժումն էր, որը կատալիզատորի դեր հանդիսացավ մյուս շարժումների համար, որի վերջնարդյունքում էլ փլուզվեց ԽՍՀՄ-ը:

Ինչո՞ւ այս ամենը մեզ մոտ չնշվեց համաժողովրդական մակարդակով:

Կարծում եմ, որ այս հարցի պատասխանը հասկանալի է: Այսօր մարդիկ հիասթափված են, չեն տեսնում երկրի Ապագան: Նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ մարդկանց մոտ 40 տոկոսը ուզում է կամ պատրաստվում է լքել Հայաստանը: Հասկանալի է, որ այս մթնոլորտում համազգային տոնի մասին խոսելը փարիսեցիության պես բան կընկալվեր:

Բայց ինչո՞ւ այդպես ստացվեց: Այս ամենի պատասխանը պիտի տային մեր վերնախավը, մեր մտավորականները, քաղաքական գործիչները, քաղաքագետները, պատմաբանները: Սակայն այս ամենը այսօր չկա, որովհետև այդ գիտակցությունն ու պատկերացումները չկան: Թվում է, թե 30 տարի առաջվա իրադարձությունները մեր աչքի առաջ են անցել, բայց ո՞ր պահից սկսած մենք կորցրեցինք մեր հնարավորությունները, և 88-ի վերելքից այսօր դարձանք գրեթե «ամորձատված» հասարակություն: Այս հարցադրման շուրջ շատ կոնյուկտուրային պատասխաններ կան, սակայն հանրությունը ինտուիտիվ մակարդակով հասկանում է դա և լուրջ չի վերաբերվում: Դրա պատճառով էլ օբյեկտիվ պատմագրություն այս ժամանակահատվածի վերաբերյալ չի ստեղծվել:

Ավելին, այդպիսի պատմագրություն չկա նույնիսկ 1918-1920-ին հանրապետության հիմնադրման և վերացման վերաբերյալ: Խոսքը, իհարկե, ֆորմալ պատմագրության մասին չէ: Այդպիսին կային և՛ ԽՍՀՄ-ի ժամանակներում, և՛ այսօր: Այսօր պարզապես ԽՍՀՄ-ի ժամանակվա 1-ն հանրապետության հակահերոսները դարձան հերոսներ, իսկ հերոսները՝ հակահերոսներ: Սակայն իրական օբյեկտիվ պատմագրություն այդպես էլ չստեղծվեց: Պարզապես մի քանի պարզունակ միֆերը փոխարինվեցին մեկ այլ միֆերով: Իսկ վերջնարդյունքը եղավ այն, որ ներկայիս մեր ազգային կոչվող վերնախավը չգիտի իր իսկական պատմությունը՝ 100 տարվա կտրվածքով: Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն իշխանության մեջ գտնվող, այսպես կոչված, «թաղի տղաներին»: Սեփական իրական պատմությունից անտեղյակ են նաև իրենց մտավորական համարող իշխանության ու ընդդիմության «քաղաքական» դեմքերը նույնպես:

Իսկ կարող է արդյոք իր անցյալը չիմացող ազգային կոչվող վերնախավը Ապագայի տեսիլք առաջարկել սեփական ժողովրդին: Իհարկե՝ ո՛չ: Հենց դրա համար էլ ինչ-որ պահի նրանց փոխարինեցին «թաղի տղաները», որովհետև ֆունկցիոնալ տեսանկյունից նրանց միջև տարբերություն չկար: «Թաղի տղաները» ավելի ճկուն գտնվեցին պրակտիկ խնդիրների լուծումների ժամանակ և դրա համար էլ գերակշիռ դարձան իշխող վերնախավում: Պետական շինարարության տեսանկյունից սա, իհարկե, ողբերգություն է, որովհետև այդ խավը լուրջ պետություն չի կարող կառուցել: Սակայն նրանց չի կարող փոխարինել «հին» քաղաքական կոչվող վերնախավը, քանզի նրանք են զիջել իրենց տեղը «թաղայիններին»՝ վերը նշված պատճառներով: Դրա համար էլ ղարաբաղյան շարժման 30-ամյակի շեմին երկիրը հայտնվել է «լճացման» փուլում:

Եվ եթե մեզ չհաջողվի ձևավորել նոր քաղաքական վերնախավ, ով ի վիճակի կլինի երկրի Ապագայի տեսիլքով հանդես գալ, ապա մեզ ոչ միայն չի հաջողվի լուծել մեր զարգացման ու անվտանգության խնդիրները, այլև 10 տարի անց, պատկերավոր ասած, ղարաբաղյան շարժման 40-ամյակը Երևանում կնշենք ոչ թե մենք, այլ՝ Իլհամ Ալիևը:

Շարունակելի.

Երվանդ Բոզոյան

«Դիալոգ» հայկական փորձագիտական կենտրոնի նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը