Աշխարհ

14.03.2018 15:11


Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ Ադրբեջանին սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրը․ SIPRI

Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ Ադրբեջանին սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրը․ SIPRI

Չնայած ապրիլյան պատերազմին և Հայաստանի իշխանությունների՝ բարձրագույն մակարդակով հնչեցրած հրապարակային դժգոհություններին, Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ Ադրբեջանին սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրը։

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI)` օրերս հրապարակած զեկույցի համաձայն, 2013-2017 թվականներին Ադրբեջանի ներմուծած ողջ սպառազինության 65 տոկոսը եղել է ռուսաստանյան: Երկրորդ տեղում Իսրայելն է․ նույն ժամանակահատվածում Ադրբեջանի ներմուծած զենքի 29 տոկոսը եկել է այդ երկրից: Երրորդ տեղում Թուրքիան է՝ 2.5 տոկոս չափաբաժնով:

Փաստորեն, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը այդ տարիներին 26 անգամ ավելի շատ սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, քան Բաքվի ռազմավարական դաշնակից Թուրքիան:

Ըստ SIPRI-ի, 2013-2017 թվականներին Ադրբեջանը հանդիսացել է սպառազինություն ներմուծող աշխարհի 23-րդ խոշորագույն պետությունը: Բաքվին է բաժին հասել այդ տարիներին սպառազինության համաշխարհային ամբողջ ներմուծումների 1.3 տոկոսը: Նախորդ ժամանակահատվածի՝ 2008-2012 թվականների, համեմատ այս թիվը էականորեն՝ 55 տոկոսով աճել է․ 2008-2012 թվականներին սպառազինության համաշխարհային ամբողջ ներմուծումներում Ադրբեջանի չափաբաժինը 0.9 տոկոս էր:

Երևանում է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությունը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Կոսաչովին հիշեցրին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անցած տարվա սեպտեմբերին արած հայտարարությունը, թե Միացյալ Նահանգների որոշումը Կիևին սպառազինություն մատակարարելու մասին չի նպաստում Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորմանը։ Մինչդեռ, Կրեմլը տարիներ ի վեր սպառազինություն է մատակարարում Հայաստանի հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին:

Կոսաչովն արձագանքեց․ «Ռուսաստանը կատարում է այն պայմանագրերը, որոնք կնքվել էին մինչև 2016 թվականի ապրիլը, և մենք պարտավոր ենք դա անել՝ համաձայն այդ պայմանագրերի դրույթների: Սակայն դա մի իրավիճակ էր, որը գոյություն ուներ մինչև այդ պահը, ու ինձ մոտ առկա տեղեկության համաձայն՝ նման ծավալներով այն չի շարունակվի: Անշուշտ, մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը տեղ գտավ 2016 թվականի ապրիլին: Սա կասկածից վեր է»:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը