Աշխարհ

15.03.2018 20:52


Մանբիջի հարցով թուրք-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է

Մանբիջի հարցով թուրք-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցը Միացյալ Նահանգներ և այդ երկրի պետքարտուղարի հետ Սիրիայի Մանբիջ քաղաքի, այնտեղից քրդական ուժերի դուրս բերման հարցի քննարկումները հետաձգվել են: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ավելի վաղ՝ մարտի 13-ին Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի և ԱՄՆ արտգործնախարարները ևս մեկ անգամ հանդիպելու են Վաշինգտոնում մարտի 19-ին՝ վերջնականապես հստակեցնելու են Մանբիջից քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դուրսբերման ժամկետները:

Հանդիպման հետաձգման պատճառը, ըստ երևույթին, ԱՄՆ պետքարտուղարի փոփոխություն է: Մարտի 13-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հրամանով՝ պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլլերսոնի փոխարեն նշանակվել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Մայք Պոմպեոն:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայտարարել էր, որ Սիրիայի քրդական YPG-ն, դուրս է գալու Մանբիջ քաղաքից, որից հետո քաղաքի վերահսկողությունը իրենց վրա են վերցնելու թուրք և ամերիկացի զինծառայողները: Ըստ նրա՝ կողմերը նման համաձայնության են եկել մարտի 8-9-ին Վաշինգտոնում անկացված Սիրիայի հարցով Թուրքիա-Միացյալ Նահանգներ տեխնիկական կոմիտեի առաջին հանդիպման ընթացքում: Նշենք, որ ներկայում էլ Մանբիջում առկա են ամերիկացի զինծառայողներ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները Աֆրինում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպնության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողություններ են սկսել հունվարի 20-ից: Թուրքական կողմից գործողություններին ներգրավված են նաև ժանդարմերիայի, ոստիկանության հատուկ ուժերը: Մարտի 13-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտարարել է, որ թուրքական կողմը արդեն իսկ շրջափակել է Աֆրին քաղաքը:

Միացյալ Նահանգները Սիրիայի քրդական ուժերին համարում է իր դաշնակից «Իսլամական պետության» դեմ պայքարում և մշտապես ռազմական աջակցություն է ցուցաբերում այդ ուժերին: Թուրքական կողմը այս աջակցությունը սվիններով է ընդունում՝ ԱՄՆ-ին մշտապես մեղադրելով «ահաբեկիչներին» աջակցելու համար:

Ամերիկյան կողմն էլ մշտապես Թուրքիայի կոչ է անում կենտրոնանալ ԻՊ դեմ պայքարի վրա և նաև «սահամանափակել» Սիրիայի Աֆրին շրջանում գործողությունները:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը