Աշխարհ

11.05.2018 23:17


Մխիթարյան. Ցանկանում եմ գրել անունս «Արսենալի» լեգենդների կողքին (տեսանյութ)

Մխիթարյան. Ցանկանում եմ գրել անունս «Արսենալի» լեգենդների կողքին (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել FourFourTwo-ին:

«Առաջինը տեսել եմ, թե ինչպես է հայրս ֆուտբոլ խաղում: Նրա շնորհիվ եմ սկսել հետաքրքրվել այս խաղով: Սկզբից չէի հասկանում, թե ինչպիսի որակներ ուներ նա, սակայն երբ վերադարձանք Հայաստան, շատ լավ խոսքեր եմ լսել նրա մասին այլ մարդկանցից: Դրա շնորհիվ հասկացա, որ հայրս լավ ֆուտբոլիստ էր և լավ մարդ:

Փոքր տարիքում Բրազիլիա մեկնելը հեշտ չէր, լինել հեռու հարազատներից: Սակայն եթե ցանկանում ես դառնալ ֆուտբոլիստ, պետք է հաղթահարես դա: Շնորհիվ մարզչի ինձ հետ էին նաև երեք այլ թիմակիցներ: Հայկական և բրազիլական ֆուտբոլային մշակույթները լիովին տարբերվում են: Երբ թիմակիցներդ տեխնիկապես ավելի լավ են պատրաստված, շատ բան կարող ես սովորել նրանցից:

Բրազիլիայում մեկնում էի դպրոց՝ կատարելագործելու պորտուգալերենի իմացությունը: Շատ բան եմ սովորել այնտեղ: Երբ տեղափոխվեցի Դոնեցկի «Մետալուրգ», փորձեցի վերհիշել այն, սակայն դա դժվար էր, քանի որ Բրազիլիայում և Պորտուգալիայում կա լեզվի արտասանության տարբերություն: «Շախտյորում» ինձ համար ավելի հեշտ էր, քանի որ շրջապատված էի բրազիլացիներով:

Երբ «Բորուսիան» ինձ համար վճարեց 27 միլիոն եվրո, դա այն ժամանակ հսկայական գումար էր, այդ պատճառով մեծ ճնշում կար ինձ վրա: Այդ գումարն այժմ է դարձել ոչինչ: Ընթացքում հասկացա, որ պետք է մոռանալ թվերի մասին և կենտրոնանալ ֆուտբոլ խաղալու վրա: Առաջին տարին լավ դասավորվեց, սակայն երկրորդում ամեն ինչ բարդացավ, ինչպես իմ, այդպես էլ ամբողջ թիմի համար: Շնորհակալություն Տուխելին, ով վստահություն հաղորդեց ինձ և ստիպեց հավատալ սեփական ուժերին:

Անգլիա տեղափոխվեցի նոր մարտահրավերներից ելնելով: Ֆուտբոլում միշտ էլ վերելքներ և վայրէջքներ են լինում: Պատրաստ էի դրան: Երբեք չեմ դժգոհել քիչ խաղային ժամանակ ստանալու համար, քանի որ սա կյանքիդ մի մասն է: Պետք է պատրաստ լինես դրան, և ես պատրաստ էի: Նույնիսկ չխաղալու ժամանակ շարունակում էի ժպտալ:

Երբ առաջարկ ստացա «Արսենալից», երկու անգամ չմտածեցի, միանգամից համաձայնեցի: Գիտեի, որ այստեղ խաղալու ավելի շատ ժամանակ կստանամ, թիմն ավելի հարձակողական է խաղում: Ճիշտ որոշում եմ կայացրել: «Արսենալ» չեմ տեղափոխվել փոխարինելու ինչ-որ մեկին: Ցանկանում եմ, որ բոլորը հասկանան, որ Սանչեսի գործարքի մասը չէի: Այստեղ եմ եկել, քանի որ Արսեն Վենգերն էր ցանկանում ինձ այստեղ տեսնել: Տարբեր ֆուտբոլիստներ ենք, անհատականություններ, ունենք տարբեր որակներ և բնավորություն:

Կփորձեմ անել առավելագույնը հաջողության հասնելու համար: Ցանկանում եմ անունս գրել «Արսենալի» լեգենդների կողքին»,- ասել է Մխիթարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը