Աշխարհ

16.05.2018 11:29


ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ. նրանք զրկվել են ձայնի իրավունքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Սեիդովից բացի, պատժամիջոցներ են կիրառվել նաև ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի (Իսպանիա), Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող Ժորդի Շուկլայի (Իսպանիա) և Սեզար Պրեդայի (Ռումինիա) դեմ: Այս մասին որոշումն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիևը:

«ԵԽԽՎ հանձնաժողովը ճանաչել է, որ Պեդրո Ագրամունտը և Ժորդի Շուկլան մեղավոր են վարքագծի կանոնները լրջագույնս խախտելու մեջ՝ Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի առնչությամբ»,-հայտնել է Արիևը: Նա տեղեկացրել է նաև, որ նշված պատգամավորները կորցրել են ԵԽԽՎ անդամի գրեթե բոլոր իրավունքները՝ բացառությամբ քվեարկելուց և բանաձևեր ներկայացնելուց:

ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ պատժամիջոցները Ագրամունտի դեմ կգործեն 10, իսկ մյուս երեք պատգամավորների դեմ՝ 2-ական տարով:

Այս խորագրի վերջին նյութերը