Լրահոս

20.02.2010 19:02


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ

ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ

Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին մասնակցել է ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով:

Հարգելի ներկաներ,

       Ուրախ եմ ողջունել բոլորիդ եւ շնորհավորել մեր ողջ ժողովրդին Արցախի Վերածննդի օրվա առթիվ: Ձեզնից յուրաքանչյուրն իր մեջ կրում է այդ օրվա խորհուրդը եւ անձնական ավանդ ունի ազգային-ազատագրական շարժման գաղափարների իրականացման գործում: Մեր ընկերներից շատերն իրենց կյանքն են զոհել հանուն այդ գաղափարների հաղթանակի: Հավե~րժ փառք ու պատիվ նրանց:
      1988 թվականի փետրվարի 20-ը դարձավ մեր ազգային վերազարթոնքի սկիզբը: Մենք ոտքի ելանք պաշտպանելու հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր բնական իրավունքը' միջազգային հանրության կողմից ընդունված համընդհանուր նորմերին ու սկզբունքներին համապատասխան: Մեր խաղաղ ու արդարացի պահանջին Ադրբեջանը պատասխանեց դաժան ու արյունալի պատերազմով, որը դարձավ բազում մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ:
     Արցախի հերոսական ժողովուրդը համայն հայության հետ ձեռք ձեռքի կարողացավ դիմակայել բոլոր փորձություններին եւ բռնեց ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին: Մեզ համար այդ ուղին անշրջելի է ու հաստատուն:
    Մենք խորապես համոզված ենք, որ ժամանակակից աշխարհում առկա բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միայն ու միայն քաղաքակիրթ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ եւ անմիջական երկխոսության միջոցով: Այնինչ Ադրբեջանի իշխանություններն այսօր էլ շարունակում են վարել ռազմատենչ քաղաքականություն' սեփական ժողովրդին պահելով մշտական լարվածության եւ պատերազմի վերսկսման վտանգի տակ: Այդ սպառնալիքներն իզուր են եւ անտեղի: Մենք ունենք կանոնավոր ու մարտունակ բանակ, որը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ մեր պետության եւ ժողովրդի անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության:
Հարգելի բարեկամներ,
   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր գումարումների Ազգային ժողովն այս տարիների ընթացքում մեծ դերակատարություն է ունեցել մեր անկախ պետականության կայացման, պետական ինստիտուտների ձեւավորման, ժողովրդավարական արժեքների ամրագրման գործում: Այսօր առջեւում են հերթական խորհրդարանական ընտրությունները: Դա անչափ կարեւոր քաղաքական իրադարձություն է մեր ժողովրդի կյանքում: Եվ բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները եւս անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան եւ մեկ քայլ առաջ տանեն մեզ Արցախի կայուն ու բարեկեցիկ ապագան կերտելու ճանապարհին:
Շնորհակալություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը