Լրահոս

24.02.2010 09:15


Ազգային ժողովում «պաս» էլ են պահում

Ազգային ժողովում «պաս» էլ են պահում

Պարզվում է, որ մեր խորհրդարանում թեև քիչ  թվով, սակայն կան պատգամավորներ, ովքեր հետևում են կրոնական իրադարձություններին, իսկ տվյալ դեպքում 'մեծ պահքի խորհրդին իր բոլոր կանոններով:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հետևում է մեծ պահքի խորհրդին.

-Մարդ էակը, այդ թվում' ես, թերի արարածներ ենք, դրա համար միշտ չէ, որ կատարելապես իրացնում ենք պատվիրանները: Փորձում եմ ուժերիս ներածին չափով հավատարիմ մնալ թե´ հոգևոր, թե´ ֆիզիկական բոլոր արժեքներին և ուղեցույցներին,-ասել է Ր. Հովհաննիսյանն ու ավելացրել,-միշտ փորձել եմ պահել, սակայն անցյալում պատահել է, որ իմ կամքը չի հերիքել և մինչև վերջ չեմ կարողացել պահել ու շեղում եմ թույլ տվել: Բայց հաջորդ օրն իսկ փորձել եմ նորից վերականգնել, որովհետև կյանքն ինքնին պայքար է: Եվ, իմ կարծիքով, կարևորը ոչ միայն նպատակն է, այլ նաև դեպի նպատակ տանող ճանապարհը:Այդ ճանապարհը պետք է ինքնամաքրման ուղի լինի:

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե նախկինում թեև ոչ ամբողջությամբ' 7 շաբաթ, սակայն պահք պահել է.

-Իսկ հիմա շատ ուղևորությունների մեջ եմ, իսկ ճանապարհ գնացողներին կարելի է չպահել: Խոսքը միայն կերակրացանկի մասին չէ. գործուղումներում դժվար է հանդարտ մնալը,-ասել է Ա. Սաֆարյանն ու նշել, որ բոլորովին վերջերս ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում զայրացել է և զգացմունքային ելույթ ունեցել, ինչի համար ափսոսում է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը նույնպես հետևում է մեծ պահքին.

-Պահում եմ մեծ պահքը: Միշտ էլ պահել եմ: Ինձ համար մեծ խնդիր չէ չխախտելը: Եթե ցանկություն կա պահելու, ապա մարդ միշտ էլ կարող է: Խորհրդարանի ճաշարանում պահքին համապատասխան կերակուրներ կան, բայց ես ինքս նախընտրեցի չօգտվել: Աշխատանքային օրվա ընթացքում նախընտրում եմ ջուր խմել, իսկ երեկոյան քիչ քանակով ինչ-որ բան եմ ուտում,-«7օր»-ին ասել է Հ. Մադաթյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը