Կարծիք

24.02.2010 12:33


Սփյուռքի հայերին միավորող կառույցի ստեղծման առաջարկ

Սփյուռքի հայերին միավորող  կառույցի ստեղծման առաջարկ

Հայերն ազգային միասնության անխոնջ ջատագովներն են, և նույնիսկ կարելի է ասել, որ համակված են այդ վեհ գաղափարով:

Սակայն, ի հեճուկս հայ ժողովրդի միավորման վերաբերյալ բոլոր խոսքերին ու միասնության առավելությունները գովերգող բոցաշունչ բանաստեղծություններին ու հայրենասիրական երգերին, այս բաղձալի երազանքը դեռևս մնում է անկատար: Միավորման ձախողված փորձերի բազում օրինակներ կարելի է բերել: Անգամ օրհասական պահերին հայերը մնացել են անմիաբան ու անհաշտ:

Քանի որ գնալով աճում է այն հայերի թիվը, ովքեր գիտակցում են միասնության վճռական նշանակությունն իրենց ազգային գոյատևման համար, ուստի վերջին տարիներին նրանք կարողացել են համեստ հաջողություններ արձանագրել համախմբումների ստեղծման գործում: Աշխարհով մեկ տարածված «Հայաստան» համահայկական հիմնադրամը և ԱՄՆ-ում հիմնված Միացյալ հայկական հիմնադրամը, բաղկացած են հասարակական գլխավոր կազմակերպություններից, որոնք մարդասիրական կարևոր գործունեություն են ծավալում Հայաստանում և Արցախում:

Որքան էլ տարօրինակ թվա, միասնության կողմնակիցների թիվը շատանալով, միավորմանն ուղղված ծրագրերը ևս բազմանում են' միասնության ձեռք բերման ճանապարհին հանգեցնելով նոր մասնատումների: Այժմ այդպիսի մի շարք նախաձեռնություններ են իրականացվում աշխարհի տարբեր երկրներում՝ ձգտելով համախմբել հայկական բոլոր կազմակերպությունները մեկ ընդհանուր հովանու տակ կամ խմբավորելով հայ մասնագետներին, հայրենակցական միություններին և արևմտահայերին: Վերջերս իմ հոդվածներից մեկում աշխարհասփյուռ հայերի կազմակերպչական կառույցի անհրաժեշտության մասին մի անցողակի ակնարկն իսկ արժանացավ համընդհանուր դրական արձագանքի:

Չնայած վերոնշյալ բոլոր ծրագրերն էլ արժանի են հատուկ ուշադրության, և դրանց ջատագովները կարող են վերջիվերջո միավորվել, սակայն ես ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել որոշ սկզբնական գաղափարներ, որոնք մի քանի տարվա խորհրդածությունների և տարբեր երկրների հարգարժան անձանց ու հասարակական գործիչների հետ լուրջ քննարկումների արդյունք են:

Իմ առաջարկած ծրագիրը վերաբերում է աշխարհասփյուռ հայությունը ներկայացնող միասնական կառույցի հիմնադրմանը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բնակվող հայերի, ովքեր արդեն ներկայացված են իրենց համապատասխան կառավարություններով: Մոտավորապես յոթ միլիոն սփյուռքահայերին իրավունք կընձեռվի յուրաքանչյուր քսան հազար հայերից ընտրել իրենց ներկայացուցչին տվյալ ընտրատարածքում: Նախապես հաստատված որոշակի չափանիշներին համապատասխանող թեկնածուները կարող են առաջադրվել իրենց տարածքում քսան հազար հայերին ներկայացնելու համար: Ընտրողները պետք է լինեն առնվազն 18 տարին լրացած անձինք, ծնունդով' հայ և ունենան ստուգված էլեկտրոնային կամ փոստային հասցե իրենց ընտրատարածքում: Այս չափանիշներին համապատասխանող հայերը կարող են մասնակցել ընտրություններին' անկախ իրենց քաղաքացիությունից, ծննդավայրից, կրոնական կամ քաղաքական պատկանելությունից: Ընտրությունները պետք է կազմակերպվեն □մեկ մարդ' մեկ ձայն□ ժողովրդավարական սկզբունքի հիման վրա:

Մեծ հայկական ազգաբնակչություն ունեցող երկրում մի քանի թեկնածուներ կընտրվեն յուրաքանչյուր քսան հազար բնակիչների խումբը ներկայացնելու համար: Մինչդեռ աշխարհի ոչ խիտ հայաբնակ շրջաններում, որտեղ քսան հազար հայեր կարող է սփռված լինեն մի քանի երկրներում, մեկ ընտրված անձը կներկայացնի այդ բոլոր երկների հայ բնակիչներին: Սկզբնական շրջանում ընտրողների թիվը կարող է ցածր լինել, սակայն ժամանակի ընթացքում հզորանալով և օրինականություն ձեռք բերելով, նոր կառույցը մեծ թվով մասնակիցներ կներգրավի: Պարտադիր չէ ընտրություններն ամբողջ Սփյուռքում միաժամանակ անցկացնել. դրանք սկզբում կարող են իրականացվել մի շրջանում' փորձարկելով ընտրական ընթացակարգի կատարելիությունը: Այդ իմաստով, կցանկանայի ողջունել ֆրանսահայ ազգային գործիչների վերջերս կայացրած որոշումը' հաջորդ տարի Ֆրանսիայում համազգային ընտրություններ անցկացնելու և իրենց ներկայացուցիչներին ընտրելու համար:

Կարևոր է նշել, որ միայն լայն հասարակայնության կողմից ընտրված անձինք կարող են իրապես ներկայացնել իրենց տարածքում բնակվող հայերին, մինչդեռ  համայնքային կազմակերպությունների ղեկավարները կարող են հավակնել ներկայացնելու միայն իրենց կազմակերպությունները: Հետևաբար, 350 ներկայացուցիչների միացյալ մարմինը' ընտրված ամբողջ Սփյուռքի ընտրատարածքներից, կարող է պաշտոնապես հայտարարել, որ ներկայացնում է աշխարհի հայությանը, բացի Հայաստանից և Արցախից:

Այս հավաքական մարմինը կունենա ընտրված նախագահ կամ խոսնակ, ինչպես նաև մշակույթի, լեզվի, կրոնի, կրթության, արտաքին կապերի, հայ փոքրամասնությունների, Հայաստանի և Արցախի հետ կապերի, Ցեղասպանության ճանաչման, Թուրքիայից փոխհատուցման պահանջների և ֆինանսական հարցերով զբաղվող հանձնաժողովներ և ենթահանձնաժողովներ:

Երեք հարյուր հիսուն անդամներից բաղկացած այս մարմինը պարբերաբար կհանդիպի և որոշումներ կկայացնի ձայների մեծամասնությամբ: Հատուկ և վճռորոշ հարցերի վերաբերյալ մարմինը կարող է որոշումներ կայացնել ձայների երկու երրորդ մեծամասնությամբ: Այդ որոշումները կարտացոլեն ամբողջ Սփյուռքի, և ոչ թե առանձին կազմակերպությունների տեսակետները: Գոյություն ունեցող հայկական կազմակերպությունները կշարունակեն իրենց գործունեությունը' առանց որևէ արգելքի կամ մրցակցության համաշխարհային այս նոր կառույցի կողմից: Իրականում հասարակական կազմակերպությունները կարող են հզորացնել իրենց գործունեության թափն ու ավելացնել ազդեցությունը' այս նոր միացյալ մարմնի ընտրված ներկայացուցիչների հետ աշխատանքներ տանելով, իրենց ծրագրերն ընդունելու ուղղությամբ: Քանի որ ներկայումս Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարներն իրենց համայնքների ականավոր անդամներն են, ապա զարմանալի չէ, որ նրանցից շատերին կտեսնենք այս նոր մարմնում' ընտրված ժողովրդի քվեներով:

Նոր կառույցի հիմնական առավելություններից մեկը կլինի նրա հնարավոր ճանաչումը ՄԱԿ-ի և տարածաշրջանային ու միջազգային այլ կազմակերպությունների կողմից, որպես ոչ կառավարական կազմակերպություն' Սփյուռքի հայերին ներկայացնելու և նրանց անունից հանդես գալու իրավունքով:

Նոր կազմակերպության ներկայացուցիչները առանձին քաղաքներում կամ երկրներում կարող են համագործակցել տեղական իշխանությունների հետ՝ այդ շրջանի բոլոր հայերի անունից: Օրինակ, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը ամերիկահայ համայնքը ներկայացնող խմբի ընտրության հետ կապված վերջին վիճաբանություններից կարելի էր զերծ մնալ, եթե առաջարկվող համաշխարհային կառույցն արդեն գոյություն ունենար: Բացի այդ, հայ պետպաշտոնյաները, ինչպես նաև օտար ղեկավարները կիմանան, թե ում դիմել, երբ կարիք լինի հանդիպելու Սփյուռքի ընտրված ներկայացուցիչների հետ:

Այս նոր կառույցի ներկայացուցիչները կարող են նաև սատարել տարբեր երկրներում տեղական կամ ազգային ընտրություններին մասնակցող թեկնածուներին: Այս դերը առավել կարևորություն է ստանում հիմնական ընտրությունների ժամանակ կամ, երբ մի քանի հայ թեկնածուներ առաջադրվում են միևնույն պաշտոնի համար, և հայերի ձայները բաժանվում են, ու արդյունքում բոլոր հայ թեկնածուները՝ պարտվում: Նրանք, ում կսատարի այս մարմինը, ամենայն հավանականությամբ կստանան նաև ընտրողների մեծ մասի աջակցությունը:

Մինչ նման հավակնոտ նախաձեռնություն իրագործելու փորձերը, անհրաժեշտ է մի շարք կարևոր քայլեր ձեռնարկել.

1.Հետազոտողների մի խումբ պետք է ուսումնասիրի Իսրայելի, Հունաստանի, Լիբանանի, Իտալիայի և այլ երկրների նման ծրագրերը՝ նրանց կուտակած փորձից օգուտ քաղելու նպատակով: Այդպիսի հետազոտություն կարող է իրականացնել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը, որն էլ կձևակերպի ամբողջ աշխարհում ընտրություններ անցկացնելու համար լավագույն մեխանիզմները, այդ թվում' յուրաքանչյուր երկրում ընտրողների թվի հաշվարկման, ընտրողների և թեկնածուների չափանիշների և ընտրողների կողմից խախտումները կանխելու միջոցառումների ուղղությամբ: Ինստիտուտը կարող է նաև կարևոր մանրամասներ առաջարկել միացյալ մարմնի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ (ժողովների ընթացակարգեր, հանձնաժողովներ և ենթահանձնաժողովներ, ներկայացուցիչներին հետ կանչելու ընթացակարգեր և նրանց ծառայության ժամկետների սահմանափակում, ընտրովի նախագահներ և փոխնախագահներ և այլն):

2. Մինչև միասնական կառույցի հիմնադրման մասին հրապարակավ հայտարարելը, կազմկոմիտեն պետք է հանդիպի Սփյուռքի ազդեցիկ կազմակերպությունների ղեկավարների հետ' նրանց ծանոթացնելու նոր նախաձեռնությանը, լսելու նրանց առաջարկությունները և ստանալու նրանց աջակցությունը:

3. Կազմկոմիտեն պետք է նաև Հայաստանի և Արցախի պետպաշտոնյաներին ներկայացնի նախատեսվող կազմակերպության նպատակներն ու ապահովի նրանց աջակցությունը' առանց նրանց ուղղակի մասնակցության կամ անդամակցության: Երբ նորընտիր մարմինը կսկսի գործել, նրա լիազորված ներկայացուցիչները կգործակցեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի պաշտոնյաների հետ: Չափազանց կարևոր է պահպանել Սփյուռքի այս մարմնի անկախությունը, որպեսզի կարողանանք Հայաստանի իշխանություններին զերծ պահել օտարերկրյա պետությունների ճնշումներից' ազդելու նոր կառույցի որոշումների կայացման վրա:

Համաշխարհային այս կազմակերպության հիմնադրումից հետո, առաջին անգամ Սփյուռքում կստեղծվի մի ներկայացուցչական մարմին, որն իր քաղաքական ու տնտեսական ազդեցությամբ ի վիճակի կլինի առաջ տանելու հայկական շահերը' պահպանելով մշակութային արժեքներն ու պաշտպանելով հայության իրավունքներն ամբողջ աշխարհում:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը